Բաժիններ՝

Գրանցված աշխատատեղերի քանակը մարտին աճել է 3800-ով. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 20-ին արդեն ստացել է մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ փետրվարի համեմատ՝ անգամ արտակարգ դրության պայմաններում աշխատատեղերի աճ ունենք.

«Փետրվարի համեմատ՝ 3800 աշխատատեղ ավելացել է: Ապրիլի 21-ի դրությամբ հայտարարագրվել է 619 900 աշխատատեղ՝ մարտ ամսվա համար, 616.200 աշխատատեղ հայտարարագրվել է մարտի 20-ի դրությամբ՝ փետրվարի համար: Հունվարի համեմատ՝ փետրվարին աշխատատեղերի աճը 14.4 հազար է եղել: 3800-ով աճն այս ամիս մենք համարում ենք, որ համաճարակային իրավիճակով է պայմանավորված: Մենք իրական պատկեր կունենանք մայիսի 21-ին, երբ կվերլուծենք ապրիլի եկամտային հաշվարկները»,- ասաց Դավիթ Անանյանը:

Շատ տնտեսվարողներ, որոնք դիմել են Կառավարության աջակցության ծրագրերին, դուրս են մնացել, քանի որ հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել իրենց տնտեսական գործունեության դասակարգիչը: Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյոք հնարավորություն կտրվի՞ տնտեսվարողներին փոխել դասակարգիչը, Անանյանը պատասխանեց.

«Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է, որ 2020թ. ապրիլի 1-ին հայտարարագրված գործունեության դասակարգչով է հաշվարկվելու: Բազմաթիվ են այն դեպքերը, որ մեր հարկ վճարողներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել իրենց գործունեության տեսակը դասակարգիչով բաղդատելու օրենսդրական պահանջին, դրա համար կան այսպիսի խնդիրներ: Քննարկվում է ճշտված հաշվետվություններ ներկայացնելու հնարավորության հարցը»,- ասաց Անանյանը:

Այս պարագայո՞ւմ էլ մտավախություն ունեն, որ շատ տնտեսվարողներ կխորամանկեն՝ օգտվելով ստեղծված հնարավորությունից. այս հարցին ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Ոչ բարեխիղճ հարկ վճարողը, ճշտված հաշվարկ ներկայացնելով, կարող է ոչ թե իր ճիշտ գործունեության տեսակը ներկայացնի, այլ այնպիսի գործունեության տեսակ, որը ներառված է տուժած ոլորտների մեջ, հարցը պետք է բազմակողմանիորեն քննարկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս