Բաժիններ՝

Ավստրալիան դեռ 4 ամիս սահմանները փակ կպահի

Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտար Բրենդեն Մերֆին առցանց ելույթի ժամանակ:

«Միջազգային իրավիճակը ներկայում այսպիսին է, սահմանային ռեժիմի ցանկացած թուլացում կլինի ծայրահեղ ռիսկային քայլ: Ես խորհուրդ եմ տվել Անվտանգության հարցերով ազգային կոմիտեին երկարաձգել երկրից դուրս գալու խիստ սահմանափակումների ժամկետը և երկիր թողնել միայն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ»,-ասել է Մերֆին:

Նրա խոսքով, առաջիկայում կքննարկվի միջոցառումների անցկացման արգելքը հանելու հնարավորությունը, թեպետ, մեծամասշտաբ իրադարձությունների նկատմամբ արգելքը շարունակելու է մնալ: «Կվերանայվեն նաև մի քանի այլ սահմանափակումներ՝ կապված մարզական հաստատությունների, փոքր խանութների, խաղահրապարակների հետ: Ամեն դեպքում, մենք սկզբում պետք է գնահատենք ռիսկը»,-հավելել է նա:

Ավստրալիայում 6 հազար 600-ից ավելի վարակի հաստատված դեպք կա, 4 հազար 600-ից ավելին ապաքինվել է, 75 մարդ՝ մահացել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս