«Գազի գնի հետ կապված Լավրովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ դեռ շատ բաներ կան բանակցելու». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը ենթադրում է միասնական պայմաններ, և կարճ ժամանակ անց Հայաստանը հայտնվելու է միասնական շուկայում՝ դրանից բխող պայմաններում: Նույնը վերաբերում է նաև գազի գնին, այսինքն՝ գազն ինչ արժեք ունենա Կրասնոդարի կամ Օրենբուրգի մարզում, նույնն էլ լինելու է Հայաստանում, գումարած՝ ծախսերը և Վրաստանի տրանզիտը:

«Գազի գնի շուրջ Լավրովի ասածի միտքն այն էր, որ երկուստեք փոխադարձ սկզբունքով պետք է լինի, որ, եթե իրենք արտոնյալ գազ են մատակարարում կամ ինչ-որ հարցով հանդես գալիս, մենք էլ նույնը պետք է անենք: Չեմ թաքցնում, որ ԵԽԽՎ-ում, որտեղ դրված էր Ռուսաստանի հարցը, վերջին լիագումար նիստերից մեկում ես և Մոլդովայի ներկայացուցիչն ենք հանդես եկել հօգուտ Ռուսաստանի: Հիմա հո չե՞նք ասի՝ մենք նման բան ենք արել, այսինքն՝ ստրատեգիական հարաբերությունները, նաև՝ գազի գնի մասով, չպետք է քաղաքականացվեն, սա ևս մեկ անգամ ենթադրում է, որ այդ հարցում քաղաքական բաղադրիչն ավելի մեծ է, քան տնտեսականը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ ծավալվող քննարկումներին:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած մի շարք հարցերը, այդ թվում` գազի գնի վերաբերյալ, կլուծվեն դաշնակցային և ռազմավարական գործընկերության մակարդակում։

Ըստ նրա՝ Հայաստանը ոչ միայն գազ է ստանում Ռուսաստանից, այլև երկրում ներքին բաշխիչ օպերատորն է ռուսական, և նման բան միայն Հայաստանում է:
Նրա դիտարկմամբ՝ հեղափոխությունից հետո Հայաստանը որդեգրել է, որ անկախ ընկերությունների  հիմնադիրների ծագումնաբանությունից՝  բոլորն էլ պետք է գործեն հայաստանյան օրենքներով:

«Օրինակ, եթե նայենք նախորդ տարվա օտարերկրյա ներդրումների կապիտալի ներհոսքն ու արտահոսքը, ապա կտեսնենք, որ ռուսական կապիտալի արտահոսքի ներկայությունը 40 տոկոսով նվազել է, այսինքն՝ այդ կապիտալները դուրս են գնացել: Այս ամենի մեծ մասը պայմանավորված է նրանով, որ  «Գազպրոմ Արմենիան» գազ է ներմուծում ռուսական ընկերությունից պարտքով: Պարտքով ձևակերպում են ներկրում, դա վիճակագրորեն ներդրում է երևում, բայց հետո, երբ վճարում են, այդ ներդրումները դուրս են գնում: Հիմա մեր պետությունն այնպիսի միջավայր պետք է ձևավորի, որպեսզի ռուսական ներդրումները մնան Հայաստանում, դրանք մեզ անհրաժեշտ են»,- հավելեց նա:
Նա նաև ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված չեն օրվա իշխանություններով, լինի Ռուսաստանում թե Հայաստանում, այլ պայմանավորված է դարերով ձևավորված հայ-ռուսական ջերմ հարաբերություններով:

Գազի գնի հետ կապված Լավրովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ բանակցելու շատ բաներ դեռ կան: Եթե քննարկում են Արցախի հարցը, ապա միանշանակ այդ հարցն Արցախի ժողովուրդն է լուծելու, նրանից հարցրե՞լ են, որ ասում են՝ ինչ-որ փաստաթղթեր են քննարկում: Մենք Ռուսաստանի հետ ունենք կայուն հարաբերություններ, որոնք պետք է պահպանվեն, որպեսզի չհասնենք ճգնաժամային փուլի»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս