«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով». Միհրան Հակոբյան
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով: Դա հասկանում են բոլորը` մի մասը սառը դատողությամբ, մյուս մասը` բնազդով: Մնացել է արձանագրել միայն ռեժիմի կենասաբանական մահը: Իսկ դա զուտ ժամանակի հարց է: Չկա այլևս Նիկոլ Փաշինյան՝ Հայաստանի ղեկավար, կա խճճված մի կիսածաղրածու, ով ամեն օր սեփական ձեռքերով ավելի է ձգում իր ձեռքերով իր իսկ վզին փաթաթված պարանը, իսկ նրա իշխանության մնալու ամեն օրվա համար Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին չափազանց ծանր գին են վճարում:
Ողբերգությունն այն է, որ այդ գինը Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացին հետո էլ են վճարելու, եթե Նիկոլ Փաշինյանը հասցրեց Հայաստանից ճողոպրել ու շատ երկար տարիներով չհայտնվեց ճաղերի հետևում: Որովհետև Նիկոլ Փաշինյանը մարդ է, որ իր կադրային թյուրիմացություններից մեկին փրկելու և իր այսրոպեական շահի համար ԱԺ ամբիոնից կոկորդ էր պատռում, թե հայկական ավիաընկերությունները Աֆրիկայում զենքի վաճառքով են զբաղվել: Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով իր այսրոպեական շահի համար հայտարարեց, որ իր ձեռքի տակ գաղտնի պետական փաստաթուղթ է եղել, որում ասված է` հայկական պետականությունը ձախողված է: Այսինքն` Հայաստանի վարչապետը թուրք-ադրբեջանական պորպագանդայի ձեռքում զենք դրեց: Եվ, այդ զենքը չկասկածեք` կրակելու է: Երևի հիշում եք, թե ինչպես Էլչիբեյի ռեժիմից նեղացած Մութալիբովը 1992-ին հարցազրույց տվեց` ասելով, թե «Խոջալուն Էլչիբեյի ղեկավարած «Ազգային ճակատը» սարքեց, որ իրեն իշխանությունից հեռացնեն»: Նաև պետք է որ հիշեք` վաղուց չկան ոչ Մութալիբովը, ոչ էլ Էլչիբեյը, բայց այդ հարցազրույցը հայկական պրոպագանդան ցայսօր մեծ արդյունավետությամբ օգտագործում է Ադրբեջանի դեմ:
Եթե Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց Հայաստանից, ապա միշտ գտնվելու են ուժեր, որոնք հայկական արդարադատությունից նրան պաշտպանություն և անվտանգություն են տալու, մի քիչ էլ փող են տալու ու օգտագործելու են հակահայկական ու հակառուսական ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասելու, որ իշխանությունը կորցրեց, որովհետև խաբեց ու հիասթափեցրեց բոլորին, իսպառ բոլորին: Խաբեց ու հիասթափեցրեց իրեն հավատացողներին և իր համար փողոց դուրս եկած բազմահազար քաղաքաքացիներին: Նա ասելու է, որ «հին և բարի բոբո Կրեմլը իր ու հայ ժողովրդի գլխին սարքեց, գողացավ հեղափոխությունը իրենից ու հայ ժողովրդից, ինքն էլ ստիպված փախավ երկրից ու դարձավ վտարանդի, բայց հեղափոխությունը շարունակվում է…»:
Ամիսը մեկ մեր չստացված Սաակաշվիլի-Տրոցկին պատվերով լայվ է մտնելու ու գոռալու է` «Հայաստանի հըըըըըպաաաարտ քաղաքացիներ, երբ ես վարչապետ էի, ձեռքիս տակով փաստաթղեր են անցել, թե ինչպես են ռուսները 102-րդ բազայից զենք մատակարարել Հեզբոլլահին ու Քրդական Բանվորական Կուսակցությանը: Ձեռքիս տակով փաստաթղթեր են անցել, թե ինչպես է Հայաստանն օգտագործվել` որպես նարկոտրաֆիկինգի տարածք: Ես դա թույլ չեմ տվել, մեր սուվերենությունը, ֆլանը, ֆստանը… Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց`… Ես նրան ասացի`….»: Եվ այսպես շարունակ, մոտավորապես այն, ինչ այսօր անում է Սաակաշվիլին: Քանի որ մենք գործ ունենք պետականության, հայրենասիրության ու տարրական բարոյականության հետ զրո առնչություն ունեցող մարդու հետ, ապա հենց այս պահից է պետք մտածել` ինչպե՞ս ենք վնասազերծելու այս վտանգը: Նիկոլ Փաշինյանի տեղը բանտն է: Ազատության մեջ Նիկոլ Փաշինյան երևույթը ազգային անվտանգության ուղիղ, բառի ամենաբուն իմաստով սպառնալիք է»: