«Եթե Նիկոլ Փաշինյանին չեն հրավիրում Մարտի 1-ի գործերով, ապա ես չեմ զարմանում, որ ապրիլյան դեպքերով չեն կանչում». Լարիսա Ալավերդյան

«Ազգային ժողովի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի քննարկումների արդյունքում չենք տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտությունը հենց միայն այն պատճառով, որ նա այդ ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա հավելել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը որևէ տեսակետ է արտահայտել, ապա այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ, և դրանք ուսումնասիրվում են:

Վարչապետին Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով չհրավիրելու որոշումը չի զարմացնում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին:

«Չեմ զարմանում, որ չեն հրավիրում, որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանին չեն հրավիրում Մարտի 1-ի գործերով, հրավիրելուց էլ՝ դա ձևական բնույթ է կրում, այնինչ հենց այսօրվա վարչապետի կողմից էին հնչում իշխանությունը զավթելու կոչերը, ապա ես չեմ զարմանում, որ ապրիլյան դեպքերով չեն կանչում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լ. Ալավերդյանը:

Անդրադառնալով չհրավիրելու վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի տված հիմնավորմանը՝ իրավապաշտպանն ասաց.

«Երբ որ ասվում է, թե շատ այլ հայտարարություններ են եղել, պետք չի մոռանալ, որ ոչ միայն իշխանություններն են պատասխանատվություն կրում իրենց հայտարարությունների համար, այլև ընդդիմությունը, մասնավորապես՝ օրենսդիր մարմնում, քանի որ օրենսդիր մարմինը, այն է՝ Ազգային ժողովը՝ որպես միասնական մարմին, իշխանության թև է. Եվ եթե այդ հայտարարությունների մեջ կա զրպարտանք, կամ դրանք ոչ հիմնավոր հայտարարություններ են, ապա դրանք ոչ միայն այն ժամանակ կարող էին բերել բավականին մեծ պառակտման հասարակության մեջ, ինչը վտանգավոր է պատերազմի ժամանակ, բայց և շարունակական բնույթ կրել: Եթե դա չի մտնում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ գործողությունների մեջ, ապա հստակեցնեմ՝ իմ կարծիքն այլ է»:

Հիշեցնենք՝ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, նա հայտարարել էր, որ ապրիլյան էսկալացիան տեղի է ունեցել Ռուսաստանի համաձայնությամբ:

Թեմային նա անդրադարձել էր նաև վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ այս տարվա հունվար ամսին Կապանում տեղի ունեցած ասուլիսում:

Իր հայտարարությունների մասին լրագրողի հիշեցմանն ի պատասխան՝ վարչապետն ասել էր. «Ինչ ասել եմ 2016 թվականին, դա մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջում կա։

Ավելին ասեմ՝ մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ բարեկամական, դաշնակցային, եղբայրական մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք, վերլուծել ենք և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։

Տեսանյութեր

Լրահոս