Արտակարգ դրության պայմանները խախտելու համար 6706 քաղաքացի կտուգանվի. Հայկ Մհրյան
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում 2348 ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ այս թիվը փոփոխական է: Ոստիկանությունն իր ծառայության իրականացման ընթացքում արտակարգ դրության պայմանները խախտելու համար 10377 վարչական արձանագրություն է կազմել:
«82-ը՝ ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոնները խախտելու համար, 10269-ը՝ ազատ տեղաշարժի կանոնները խախտելու համար, 26-ը՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար: 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում, 35 դեպքով կարճվել է վարչական վարույթը, մնացածը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Մհրյանը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար կամ ինքնամեկուսացվածների հետ աշխատանքները կանոնակարգելու կապակցությամբ Ոստիկանությունը 483 հաղորդում է ստացել, որից 62-ը՝ միևնույն անձանց վերաբերյալ:
«Հաղորդումներից 395-ը ինքնամեկուսացման կանոնները խախտելու վերաբերյալ էին, 88-ը՝ այլ անճշտությունների մասին: Խախտումների վերաբերյալ հաղորդումների արդյունքում 26 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել, 256 հաղորդումների դեպքում խախտումները չեն հիմնավորվել, մնացածը ուսումնասիրման փուլում են»,- ասաց Մհրյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մարդկանց քանակը փողոցներում ավելացել է, իսկ ոստիկանական ուժերը հաճախ չեն հսկում մարդկանց տեղաշարժը, փոխոստիկանապետը պատասխանեց.
«Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս Ոստիկանությունը չէր կարող կանխատեսել նման համաճարակ, այս պայմաններում մեր միջոցները մնացել են նույնը, մենք, բացի մեր բուն գործունեությունը կատարելուց, կատարում ենք հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի որոշումների հետ: Մարդկանց թվաքանակն էլ ավելացել է պարետի որոշումներով գործունեության որոշ տեսակների թույլատվության արդյունքում, մեր համաքաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի և վերադառնան տուն»: