«Եթե ԲԴԽ-ն չարձագանքի՝ բավարար հիմքեր կունենանք կասկածելու, որ չի կատարում իր սահմանադրական պարտականությունները». Տարոն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է դատավորներին և Սահմանադրական դատարանին՝ նշելով, որ «վնգստացող» դատավորների հերթն էլ է գալու, որոնք «վեշերը» պետք է հավաքեն և գնան:

«Հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկը չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասել էր վարչապետը:

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես, հատկապես՝ դատական իշխանության որևէ ներկայացուցչի վերաբերյալ, եթե ընդհանուր հայտարարություններ են անում, պետք է դրսևորեն չափավոր զգուշավորություն:

«Բարձրագույն դատական խորհուրդ կա, որը, եթե այսօր կամ վաղն այդ հայտարարություններին չարձագանքի, մենք բավարար հիմքեր կունենանք կասկածելու, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական պարտականությունները չի կատարում, եթե կան նման դատավորներ, ապա ԲԴԽ-ն ունի նման գործառույթներ, և այդ անձինք օր առաջ պետք է հեռացվեն դատական համակարգից: Եթե երկու տարի անցել է, և ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Արդարադատության նախարարությունն իր իրավասության շրջանակներում գործընթացներ չի կազմակերպում, որպեսզի այդ դատավորներին հանեն դատական իշխանությունից, ապա կրկին բավարար հիմքեր ունենք կասկածելու, որ այդ ամենն ասվում է՝ պարզապես ասելու համար: ԲԴԽ-ն վիրավորանքը վիրավորանքի հետևից կուլ է տալիս և որևէ գործընթաց չի սկսում և գործադիրի ղեկավարությանն ասի, որ դատարանների հիմնական թիկունքը դատավորների հարգանքն է, նրանց վստահությունը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս