«Ելակետը պետք է լինի՝ Դուք պրոֆեսիոնա՞լ եք, թե՞ ոչ, որովհետև թավշյա այնքան ոչ պրոֆեսիոնալներ կան». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի  հայտարարության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անկեղծորեն խոստովանում է՝ չգիտի, թե ինչ են նշանակում վարչապետի խոսքերը՝ այն է՝ թավիշը չարաշահել: Նրա բնորոշմամբ, սա անհասկանալի ձևակերպում է:

«Ես չգիտեմ՝ թավշյա պաշտոնյանե՞ր են, թե՞ ոչ թավշյա, բայց կարծում եմ՝ ելակետը սա չպետք է լինի՝ Դուք թավշյա պաշտոնյա՞ եք, թե՞ ոչ, ելակետը պետք է լինի՝ Դուք պրոֆեսիոնա՞լ եք, թե՞ ոչ, որովհետև թավշյա այնքան ոչ պրոֆեսիոնալներ կան, ինչի արդյունքը մենք նաև պարբերաբար տեսնում ենք: Ինձ համար կարևոր չէ՝ պաշտոնյան թավշյա հեղափոխության արդյունքո՞ւմ է զբաղեցրել իր պաշտոնը, թե՞ ոչ, ինձ համար կա մեկ սկզբունք, մարդը պրոֆեսիոնա՞լ է, թե՞ ոչ, իսկ որ բազմաթիվ թավշյա ոչ պրոֆեսիոնալներ կան՝ ես չէ, որ պետք է ասեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով վարչապետ նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վարչապետն ասել էր, որ  ով չարաշահել է թավիշը, պետական համակարգից պետք է դուրս շպրտվի:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հիշեցրեց, որ ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստին ժամանակ հայտարարեց, որ տարբեր նախարարություններից գալիս են ծրագրեր, որոնք դպրոցական մակարդակի են, այսինքն՝ վարչապետն այդ ամենն արդեն արձանագրել է:

«Շատ ծրագրեր կան, որոնք իսկապես այդ մակարդակի են բերվում այստեղ, որին բազմիցս ականատես ենք եղել»,- նշեց Մ. Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս