Բաժիններ՝

«Կասկած չունեմ՝ ինչ էլ լինի, ինչ իրավիճակ էլ լինի՝ մարդիկ կգան թատրոն». Հակոբ Ղազանչյան

168.am-ի զրուցակիցն է արվեստի վաստակավոր գործիչ, Թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:

– Պարոն Ղազանչյան երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը, առհասարակ թատրոնի ոլորտի մարդիկ ինչո՞վ են զբաղվում:

– Դժվար իրավիճակ է, որովհետև անսովոր է, նման վիճակ որևէ մեկը չէր սպասում: Տանը նստած կարդում ենք, բեմադրիչները կարդում են, ծրագրեր ենք մտածում, ծրագրեր նախանշում՝ այն հույսով, որ շատ շուտով այս մղձավանջը կավարտվի, և կանցնենք նորմալ, բնականոն աշխատանքի: Ես, իհարկե, փորձեր կսկսեի՝ փոքր ֆորմատի պիեսներով, սակայն տրանսպորտի խնդիր կա, այդ պատճառով մինչև մայիսի կեսերը կսպասենք, հետո կտեսնենք, թե ինչ է լինելու:

– Թատրոններ կան, որոնք օնլայն ներկայացումներ են ցուցադրում, այն ներկայացումները, որոնք ընդգրկված են եղել թատրոնի խաղացանկում, այդ ներկայացումները հանդիսատես ունե՞ն, հետաքրքրություն կա՞:

– Այո, մեր թատրոնն էլ է օնլայն ներկայացումներ ցուցադրում, մեզ 2000-ից ավելի մարդ է դիտում, երեկ էլ մեր մի ներկայացումը հեռարձակեցինք, 2000-ից ավելի դիտումներ էր ունեցել: Այնպես որ, պահանջը, բարեբախտաբար, հանդիսատեսի մոտ կա, այդ պահանջը չի մեռնում, և մենք էլ մեծ սիրով ցուցադրում ենք: Չնայած  բազմիցս ասել եմ, որ ընդհանրապես դեմ եմ նկարահանված ներկայացումների ցուցադրությանը, քանի որ դրանք բավականին լուրջ ազդում են որակի վրա՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակով են նկարահանված, միևնույն է՝ այն, ինչը կա իրականում, նման կերպ հաղորդել չեն կարողանում: Բայց կրկնում եմ՝ ելնելով ստեղծված իրավիճակից, կարծում եմ՝ սա կարևոր է:

– Կառավարությունը տարբեր ոլորտներին աջակցելու համար տարբեր միջոցառումներ է ներկայացնում, թատրոնի ոլորտի վերաբերյալ որևէ ծրագիր ներկայացրե՞լ է: Այս առումով Դուք որևէ առաջարկ ունե՞ք Կառավարությանը, քանի որ միշտ հայտարարվել է, որ այն բաց է բոլոր առաջարկների համար:

– Առաջարկների մեծ մասը սոցիալական բնույթ են կրում, և, եթե թատրոնների որևիցե աշխատող տեղավորվում է այդ պահանջների մեջ, կարծում եմ՝ այդ ծրագրերից կօգտվի: Բայց կոնկրետ թատրոնների համար որևէ ծրագիր չկա, և այս պահին իմաստ էլ չկա ծրագրի, շնորհակալ ենք, որ թատրոններում աշխատավարձերը նորմալ ստանում են՝ անկախ պարապուրդի վիճակից: Պարզապես չեն կարողանում բնականոն աշխատել, որովհետև դահլիճում հանդիսատեսն իրար շատ մոտ պետք է նստի, ինչն այժմ չի խրախուսվում՝ սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի, այդ պատճառով էլ առայժմ թատրոնները ներկայացումներ խաղալ չեն կարողանա, և դրան որևէ ծրագիր այս պահին չի օգնի:

Հույս ունեմ, որ թատրոններում ստեղծագործական պրոցեսները կսկսվեն, որովհետև թատրոնները միայն ներկայացումներ չեն, առաջին հերթին՝ դրանք ստեղծագործական պրոցես են, պատրաստվող ներկայացումների այն աշխատանքը, որը տարվում է կուլիսներից այն կողմ: Հուսամ, որ գոնե մայիսի կեսին կանցնենք մեր աշխատանքի այս փուլին:

– Այս շրջանում բոլոր ոլորտներով իրենց կրած վնասներն են հաշվարկում, խոսքը միայն ֆինանսական վնասների մասին չէ, Դուք ոլորտում  հաշվարկներ կատարե՞լ եք հնարավոր բոլոր հետևանքների ու վնասների մասին:

– Մեր՝ Պարոնյան թատրոնի հաճախելիությունը միանշանակ նորմալ է եղել միշտ, մենք ունենք մեր հանդիսատեսը, և տոմսերի վաճառքից ստացած եկամուտը շատ է օգնում, որպեսզի թատրոնի դեկորացիան ավելի լավը լինի, բեմադրական այլ ծախսերը նորմալ արվեն, և այլն, այս առումով, իհարկե, թատրոնների համար սա բավականին լուրջ հարված էր: Սակայն իրավիճակին ըմբռնումով պետք է մոտենալ, որովհետև ժամանակներն են այդպիսին, սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ ամբողջ աշխարհին:

Երեկ առցանց թատրոնի միջազգային ինստիտուտի Եվրոպական խորհրդի նիստն անցկացրեցինք, և ամեն տեղ նույն վիճակն է, ամբողջ Եվրոպայից իմ գործընկերներն ասում էին՝ բոլոր տեղերում նույն վիճակն է, թատրոնները փակ են, ոչինչ չի արվում: Այսինքն՝ սա մի մեծ թատերական ընտանիք է, և այդ ընտանիքին գոյատևման այս պայմաններն են պետք, ինչին պետք է ըմբռնումով մոտենանք, քանի որ մարդկանց կյանքն ավելի կարևոր է, քան մնացածը:

– Մայիսի կեսին, երբ արտակարգ դրության ժամկետն ավարտվի, ի՞նչ եք կարծում՝ ոլորտում հե՞շտ կլինի անցնել բնականոն աշխատանքի:

– Շատ դժվար է լինելու, գիտե՞ք ինչ, երեկ սուպերմարկետի դեղատանը հերթ էի կանգնել, ինձանից առաջ մի աղջիկ կար, որից երկու մետր հեռավորություն էի պահպանում, սպասում էի, որ ավարտի գնումը, վերջում նա թեքվեց, ինձ տեսավ ու այնպես թռավ, նույնիսկ ինձ մոտ ծիծաղ առաջացրեց: Մտածում էի՝ ինչ օրի ենք հասել, արդեն մարդիկ իրարից սկսել են վախենալ:

Դե, թատրոններում էլ մարդիկ են, ընտանիքներ ունեն, անհանգստանում են իրենց երեխաների, ծնողների համար: Ինչևէ, նման զգուշավորություն պետք է լինի, և չեմ կարծում, որ այդպես միանգամից հեշտությամբ կարող ենք վերադառնալ թատերական կյանքին, բայց այլ ճար չունենք, թատրոնը մեր խաչն է, և այն պետք է տանենք:

– Պարոն Ղազանչյան, նկատի ունեի նաև հանդիսատեսին, քանի որ կարծիքներ կան, որ այս իրավիճակից հետո մարդկանց միայն իրենց սոցիալական խնդիրներն են հետաքրքրելու:

– Միանշանակ կիսում եմ այդ կարծիքները, բայց միևնույն ժամանակ՝ կարծում եմ՝ թատրոնների տոմսերն այդքան էլ թանկ չեն: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ղեկավարել եմ Լենինականի թատրոնը, և այդ ավերակների մեջ մարդիկ գալիս էին թատրոն: Էլ չեմ ասում, որ մարդիկ ինչ շենք ասես՝ զբաղեցրեցին, որպեսզի իրենց համար բնակվելու կացարան ստեղծեն, բայց թատրոնի դուռը մեկը չթակեց, չջարդեց, չնայած կարող էին դա անել: Ինձ թվում է՝ մեր ազգային առանձնահատություններից մեկն է սա՝ սերը դեպի թատրոն. կասկած չունեմ, որ ինչ է լինի, ինչ իրավիճակ էլ լինի, մարդիկ կգան թատրոն, ինչպես գալիս էին այն ժամանակներում Լենինականում, նույնիսկ տուն, ընտանիք ու հարազատ կորցրած մարդիկ կրկին գալիս էին թատրոն: Այնպես որ, թատրոնը մեր արյան մեջ է, առանց դրա չի լինի:

– Մարտին պետք է տեղի ունենար «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, այն չեղարկե՞լ եք, թե՞ հետաձգվել է:

– Մրցանակաբաշխությունը միանշանակ լինելու է, քանի որ տեխնիկապես պատրաստ ենք, փորձագետների խումբը դիտել է բոլոր ներկայացումները, մոտավորապես՝ 39-40  ներկայացում, պարտաճանաչ կատարել է իր գործը: Մենք, իհարկե, մտածում էինք, որ նման իրավիճակ ստեղծվելու է, բայց նաև մտածում էինք, որ կհասցնենք դիտել բոլոր ներկայացումները և կկարողանանք կարճ ցուցակը  հրապարակել, որպեսզի հանրությունն իմանա, բայց, փաստորեն, չհասցրեցինք: Կարծում եմ՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին մեծ շուքով կնշենք, հատկապես, որ այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության 20-ամյակն է, մեծ շուքով է լինելու Օպերային թատրոնի բեմում: Այնպես որ, տեխնիկապես ամեն ինչ պատրաստ է, մնում է, որ այդ ժամանակը գա, և մենք իրականացնենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս