Ոստիկանության իմիջը պետք է փոխվի. ՀՀ վարչապետ
Ապրիլի 16-ին Հայաստանում նշվում է Ոստիկանության օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին շնորհավորեց ոստիկանապետ Արմեն Սարգսյանին և ոստիկանության ողջ անձնակազմին:
«Ոստիկանությունը՝ ինչպես ցանկացած պետության, այնպես էլ՝ մեր երկրի իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ընդհուպ՝ տնտեսական և քաղաքական ազատությունների պահպանությունն ու կիրառելիության մակարդակը: Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ և, նույնիսկ, ճգնաժամեր, և մեր մեծագույն խնդիրն է՝ հաստատել լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ: Դա մեր օրակարգի խնդիրներից մեկն է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ, թեև ապրիլի 1-ից պետք է քննարկեին ոստիկանության բարեփոխման ռազմավարությունը, սակայն պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ այդ քննարկումները հետաձգվեցին:
«Ոստիկանության իմիջը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, հավակնություններին, այնպես, ինչպես ժողովուրդը ձևակերպում է»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարի առաջարկով գործադիրի բոլոր անդամները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են ՀՀ օրենքը պաշտպանելիս:
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ կարանտինով պայմանավորված՝ Ոստիկանության օրը նշվելու է շատ սահմանափակումներով: