«Բանը հասել է նրան, որ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներից մեկը գործարք է առաջարկել իշխանություններին». Արման Բաբաջանյան
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ հեղափոխությունից հետո երկու տարիների ընթացքում փաստորեն չեն կարողանում ստեղծել այնպիսի դատաիրավական համակարգ, որտեղ ծանրագույն մեղադրանքի մեջ մեղադրվող ամբաստանյալի հարցը կլուծվի ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսի բարեհաճության կամ նախագահների ու վարչապետների տրամադրություններով, այլ միայն ու միայն արդար դատարանի կողմից:
«Բանը հասել է նրան, որ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներից մեկը, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ աշխատակազմի ղեկավար աշխատած անձը, նախօրեին հարցազրույց է տվել և ըստ էության իշխանություններին գործարք է առաջարկում, որ երկրի կայացած տնտեսությունների ընտանեկան կլաններին հնարավորություն տրվի Հայաստանում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար:
Մարդիկ, որոնք այս պահին բոլորովին այլ տեղում պետք է գտնվեին, նման առաջարկներ են բերում հրապարակ, ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկներին»,- հարցրեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ իրենց բոլոր քայլերը պարզ են, արտացոլված են կա՛մ ռազմավարական փաստաթղթերում, կա՛մ կոնկրետ նախագծերում:
«Դատավորների մասով պետք չէ շտապել, որովհետև դատաիրավական համակարգում բարեփոխումները չեն տրվում ոչ մեկ, ոչ էլ երկու տարում, դրանք շարունակական գործընթացներ են: Ինչ վերաբերում է քրեական գործերին և գործարքների առաջարկների կոնտեքստին, ապա ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց որևէ գործարքի մասին խոսք լինել չի կարող, ամեն ինչ պետք է տեղավորվի կա՛մ Քրեական օրենսգրքի, կա՛մ մյուս օրենքների մեջ, այսինքն՝ որևէ գործարք որևէ առաջարկի դիմաց չի կարող տեղի ունենալ»,- նշեց Արդարադատության նախարարը:
Արձագանքելով՝ Արման Բաբաջանյանը նկատեց, որ երկու տարվա ընթացքում որևէ դատական ակտ ուժի մեջ չի մտել, և մարդիկ, որոնք տարիներով կեղեքել ու թալանել են երկիրը, շարունակում են կա՛մ ինչ-որ հնարքով լքել Հայաստանը, կա՛մ մնալ երկրում:
Ռուստամ Բադասյանը հաստատեց, որ չկան ուժի մեջ մտած դատական ակտեր, սակայն կան դատարան ուղարկված դատական գործեր, այդ թվում՝ հնչեղ կոռուպցիոն բնույթ ունեցող գործեր: