«Այն, ինչ վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցավ Թուրքիայի հետ կապված՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի բացակայության հետևանք է». Քաղտեխնոլոգ
«Այն ամենը, հատկապես վերջին երեք օրերի ընթացքում, ինչ տեղի ունեցավ Թուրքիայի հետ կապված, հետևանքն է այն բանի, որ Հայաստանը, ինչպես բազմիցս նշել եմ, չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ: Վերջին երկու տարվա ընթացքում հաճախ եմ ասել, որ առաջնայինը հայեցակարգն է, և ցանկացած բնագավառ պետք է ունենա հայեցակարգ՝ իրավական, արտաքին քաղաքականության, տնտեսական, կրթության և գիտության և այլ ոլորտների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով պատրաստակամություն էր հայտնել դեղորայքային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որին հաջորդեց նրա մամուլի խոսնակի հայտարարությունը, որ Հայաստանը դիմել է Թուրքիային աջակցություն ստանալու խնդրանքով:
Այս հայտարարությունից մեկ օր անց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել էր, որ Հայաստանը դիմել է Թուրքիային աջակցություն ստանալու նպատակով.
«Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով»,- ասել էր ԱԳՆ խոսնակը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում պետք է ունենար արտաքին քաղաքականության հայեցակարգ, որտեղ, այլ երկրի հետ միասին, պետք է նշված լիներ, թե հայ-թուրքական հարաբերությունները մոտավորապես ինչպես պետք է լինեին: Եթե այս հայեցակարգը լիներ, ապա, ըստ Ա. Բադալյանի՝ այսպիսի կազուսային իրավիճակ չէր ստեղծվի:
«Բնականաբար, Էրդողանն օգտվում է այս հանգամանքից, որ Հայաստանը չունենալով հայեցակարգ և հստակ մոտեցումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ բավականին լավ օգտագործում է իրավիճակը՝ իր դիրքը բարձրացնելու համար: Նաև՝ հաշվի առնելով, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, դրանից առաջ Էրդողանը, բնական է, որ պետք է փիառ անի և փորձի ստեղծել հայ-թուրքական «բարեկամության» պատկեր՝ դրանով բոլոր երկրներին ցույց տալով, թե Ցեղասպանության հետ կապված այլևս խնդիրներ չկան, ուստի այն ճանաչելու անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ Էրդողանն ամբողջովին աշխատում է իր արտաքին քաղաքականության հայեցակարգից ելնելով, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը որևէ հստակ դիրքորոշում չունի Թուրքիայի քաղաքականության նկատմամբ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաև ընդգծեց, որ ՀՀ ԱԳՆ խոսնակն արդեն հարցին անդրադարձել է և հերքել, սակայն այդ ամենը քիչ է, քանի որ Թուրքիան հստակ ցույց է տալիս, որ Հայաստանին ցանկանում է օգնել, իսկ ավելի պարզ՝ Հայաստանի հաշվին ցանկանում է լավամարդ լինել աշխարհի առջև: Այս համատեքստում, քանի որ Հայաստանը հստակ պատկերացում և հայեցակարգ չունի, չի կարողանում իրեն հստակ ձևավորել:
«Եթե Հայաստանը Թուրքիային իրականում չի դիմել, դրան ինչո՞ւ վարչապետը չի անդրադառնում, քանի որ նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերների ժամանակ անդրադառնում է իրենցից կարևորություն չներկայացնող տարբեր հարցերի, կարող էր դրան էլ անդրադառնալ և դրանով հարցը փակել: Եղած հայտարարություններին էլ Հայաստանն ուշ է արձագանքում, որի արդյունքում՝ Թուրքիան օգտուտներ է քաղում, ինչից հետո ցանկացած երրորդ կողմի մոտ կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը դիմել է, թե՞ չի դիմել»,- նշեց նա:
Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ Թուրքիայի հայտարարություններին չպատասխանելը կամ ուշ պատասխանելը լրջորեն և բացասաբար է ազդում պետության և հայկական իշխանությունների իմիջի վրա.
«Ստացվում է այնպես, որ, փաստորեն, Հայաստանին շրջափակող երկիրը նման հայտարարություններ է անում, որին Հայաստանը սկզբից չի անդրադառնում, իսկ հետո ուշ արձագանքում է, արդեն ազդում է Հայաստանի իմիջի վրա»,- եզրափակեց խոսքը Արմեն Բադալյանը: