Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 միլիարդ դրամ է, 2014թ. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո կորցրել է 1,2 միլիարդ դրամ. Արդարադատության փոխնախարար
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն մոտավորապես 6 միլիարդ դրամ է, և 2014 թվականին, երբ փոփոխություններ կատարվեցին «Հեռուստատեսության և ռադիոյի», ինչպես նաև՝ «Գովազդի մասին» օրենքներում, Հանրայինը գովազդից զրկվեց և կորցրեց մոտավորապես 1,2 միլիարդ դրամ:
«Այժմ, նախնական գնահատականներով, 200-300 մլրդ դրամով ընդամենը կավելանան գովազդից գեներացվող գումարները: Նպատակն այն չէ, որ այդ գումարներով Հանրային հեռուստաընկերության առջև դրված մարտահրավերները հաղթահարեն, քանի որ այնտեղ տեխնիկական վերազինման, եթերի բազմազանության հարցեր կան, և այս գումարներն ըստ էության հեռու են բավարար լինելուց, որպեսզի մեր ակնկալիքները բարձր որակի տեղեկատվական հաղորդումներ ունենալու մասով բավարարվեն»,- այս մասին ԱԺ-ում ասաց փոխնախարարը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, որ, եթե այժմ նոր օրինագծով թույլատրելու են, որպեսզի Հանրայինը վճարովի գովազդ հեռարձակի, դրանից հետո բյուջեով նախատեսված գումարները պակասեցվո՞ւմ են, թե՞ ոչ:
Նա նաև ընդգծեց, որ Հանրային հեռուստաընկերության բյուջեն հետագայում հաստատելու է Ազգային ժողովը, ուստի բյուջեի հետ կապված հարցերն ավելի մանրամասն հետագայում կքննարկվեն:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում է մշակութային, գիտական, սպորտային հաղորդումների ժամանակ հովանավորների վերաբերյալ համառոտակի տեղակտվության հրապարակումը հանրային հեռուստաընկերության եթերում, որը չի կարող գերազանցել հաղորդման 2,5 րոպեն:
Նախատեսվում է, որ սոցիալական գովազդը Հանրային հեռուստատեսությամբ ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է հեռարձակվի վճարովի հիմունքներով: Նաև՝ «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: