«Երբ նախագծով Հանրայինը գովազդի հեռարձակման նման հնարավորություն է ստանում, բյուջեով նախատեսված գումարները պակասեցվո՞ւմ են, թե՞ ոչ». Միքայել Մելքումյան
ԱԺ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում է մշակութային, գիտական, սպորտային հաղորդումների ժամանակ հովանավորների վերաբերյալ համառոտակի տեղեկատվության հրապարակումը հանրային հեռուստաընկերության եթերում, որը չի կարող գերազանցել հաղորդման 2,5 րոպեն:
Նախատեսվում է, որ սոցիալական գովազդը Հանրային հեռուստատեսությամբ ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է հեռարձակվի վճարովի հիմունքներով:
Նաև՝ «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:
Անդրադառնալով օրենքի նախագծին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց՝ կապված Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող գովազդի հետ.
«Հիմա, երբ նախագծով Հանրային հեռուստաընկերությունը գովազդի հեռարձակման նման հնարավորություն է ստանում, բյուջեով նախատեսված գումարները պակասեցվո՞ւմ են, թե՞ ոչ, այսինքն՝ ունենք ուսումնասիրություն, թե նման հնարավորություն տալով Հանրայինին՝ որքա՞ն լրացուցիչ գումարներ կգնան այդ հեռուստաընկերությանը, կամ ներկայացվող պրոդուկտը որակապես համապատասխանո՞ւմ է բյուջեով նախատեսված գումարներին, կա՞ որակի գնահատման համակարգ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Արձագանքելով Միքայել Մելքումյանի հարցադրմանը՝ Վահագն Թևոսյանն ասաց, որ կփորձի հնարավորինս հարցին տալ պատասխան, իսկ հետագայում կարող են միասին սուրճ խմել և հարցի շուրջ երկար զրուցել: «Ես, օրինակ, կգերադասեի, որ բյուջեից փող չպակասի, ինչո՞ւ, որովհետև Հանրային հեռուստաընկերությունը միայն պրոդուկտ չի արտադրում, այն նաև տեխնիկական վերազինման խնդիր ունի, վերանորգումների, ինչո՞ւ ոչ, նաև աշխատավարձային ֆոնդի:
Բացի այս, բյուջեն մենք ենք ըստ էության տրամադրում, ուստի կարող ենք պոստ-ֆակտում քննարկել և ասել, որ՝ ոչ, ժողովուրդ, դուք շատ եք բյուջեն ներկայացրել, այսքան գումարը նման նեղ պայմաներում ձեզ բավարար է: Ամեն դեպքում Հանրայինը բոլորինս է, և վատ չի լինի, որ այն հնարավորինս ուժեղ լինի և հանրությանն ավելի պիտանի: Ինչ վերաբերում է պրոդուկտների որակի չափելիությանը, ապա սա շատ հարաբերական է, քանի որ, կարծում եմ՝ նման բանը չափելի չէ, մենք կարող ենք չափել վայրկյաններով, այդ պրոդուկտի վրան ծախսված գումարով և ասել՝ արդյո՞ք նման պրոդուկտի անհրաժեշտություն կար, թե՞ ոչ, սակայն սա պերմանենտ քննարկումների ենթակա հարց է»,- եզրափակեց նա: