Վեճ՝ ԱԺ-ում. Էդմոն Մարուքյանը նախազգուշացում ստացավ

Ազգային ժողովում այսօր շարունակվում է հերթական քառօրյան: Նիստի սկզբում պատգամավորները քվեարկեցին նախորդ օրը քննարկված նախագծերը:

Կալանավորված անձանց ու ձերբակալվածներին տեսակցելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի քվեարկությունից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատգամավորներին փորձեց հիշեցնել Էդմոն Մարուքյանի՝ այդ նախագծի վերաբերյալ ունեցած երեկվա ելույթը, ինչին դահլիճից արձագանքնեցին.

«Բայց դու ո՞վ ես»:

Միջամտեց Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին խորհուրդ տալով՝ որքան էլ կրքերը լարված են, միևնունն է՝ հարգալից լինել:

«Ի՞նչ է նշանակում՝ դու ով ես»,- ասաց  ԱԺ նախագահը, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյանն արձագանքեց.

«Էդա նշանակում»:

«Ինչպե՞ս թե էդա նշանակում»,- արձագանքեց Միրզոյանը և պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար Էդմոն Մարուքյանին հայտարարեց նախազգուշացում:

Էդմոն Մարուքյանն Արարատ Միզրոյանին էլ հիշեցրեց Սուրեն Գրիգորյանի կողմից իրենց հասցեին ասված խոսքերը.

«Բա որ հայտարարում էր մանիպուլյատոր, էդ  ինչո՞ւ չէիք նախազգուշացում հայտարարում: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր ֆրակցիայից էր»:

Մարուքյանը պնդեց, որ կարող են իրենց նախագիծը չընդունել, միևնույնն է՝ գործող օրենքի կարգավորմամբ քաղբանտարկյալներին ու պատգամավորներին իրենք կտեսակցեն և դա կանեն այնպես, ինչպես արել են նախորդ տարիներին:

«Թող նախագիծը չանցնի, դեմ քվեարկեցիք, չանցնելու դեպքում կմնա այն դրույթը, որը կար նախկինում, բայց  մեկ է՝ վաղը, որ դուք խնդիր ունենաք, մենք կփորձենք ձեզ անարգել տեսակցել»,- ասաց Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս