Բաժիններ՝

«Առաջարկում եմ ՀԽ-ի նմանությամբ ձևավորել բժշկական խորհուրդ, եթե հնարավոր է՝ պետությունն իր վրա վերցնի նաև վար ու ցանքն անելու պարտավորությունը». Սասուն Միքայելյան

ԱԺ այսօրվա հատուկ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկ արեց.

«Պարոն պարետ, մենք գիտենք, որ Խորհրդային Միության ժամանակներից մինչև այսօր ունենք լավ մասնագետներ, համաճարակաբաններ և տարբեր կարգի մասնագետներ, որոնք այսօր օգուտ կտան այս կորոնավիրուսի հետ կապված: Առաջարկում եմ Հանրային խորհրդի նմանությամբ ձևավորել բժշկական խորհուրդ, որը լուրջ կաշխատի: Առաջարկում եմ նաև, որ դիահերձումն անպայման լինի, գոնե այն անհասկանալի մահվան դեպքերը, որոնք այդքան էլ հասկանալի չեն, դիահերձեն:

Դրանից բացի, այսօր մահվան դեպքերը քիչ են, ուստի կարելի է անպայման դիահերձում անել, քանի որ դրանով է երևում՝ ինչ հիվանդություն է, գուցե ինչ-որ տեղ այդ հիվանդության բուն պատճառը գտնվի: Ես միշտ խորհրդակցում եմ Վարազդատ Կարապետյանի հետ, որը գյուղատնտեսությունից լավ է հասկանում, գյուղատնտեսական աշխատանքները մոտավորապես 20 օրից ավարտվում են, առաջարկում եմ, եթե հնարավոր է՝ պետությունն իր վրա վերցնի այդ պարտականությունները,  վար ու ցանքն ամբողջությամբ արվի:

Մենք գիտենք, որ այն մարդիկ, որոնք զբաղվել են գյուղատնտեսությամբ 60-70 տոկոսը գրեթե վարկերի տակ են: Խորհրդային Միության տարիներին մենք կարողացել ենք մեր հացահատիկը, ալյուրը բավարարել: Աստված ոչ անի, այս ամենը կարող է երկար շարունակվել, գոնե մենք կարողանանք մեր գլխի ճարը տեսնենք, քանի որ այլ պետություններ մեզ չեն կարող օգնել»:

Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ համաճարակաբանական խորհուրդ ստեղծելու հետ կապված՝ Առողջապահության նախարարությունը նման հանդիպումներ պարբերաբար անցկացնում է ոչ միայն՝ տեղացի մասնագետների, այլև՝ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ տեսակապի միջոցով:
«Եթե կան մասնագետներ, որոնք ցանկանում են այս գործընթացներում ներգրավվել և օգտակար լինել, կարծում եմ՝ նման առաջարկների համար Առողջապահության նախարարը բաց է: Ինչ վերաբերում է դիահերձմանը, ապա Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, հենց գիտական տեսանկյունից մեծ կարևորություն ունի դիահերձման անցկացումը: Այդուամենայնիվ, դիահերձման համար պետք է ստեղծել համապատասխան միջավայր, որը թույլ կտա համոզված լինել, որ դիահերձման արդյունքում դիահերձողներին որևէ վտանգ չի սպառնում: Նման բան նախատեսվում է Առողջապահության նախարարության կողմից, և սկզբնական տվյալներով՝ 1,5  ամիս հետո մենք կկարողանանք այդ գործընթացը կազմակերպել»,- շեշտեց Տիգրան Ավինյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այստեղ պետք է հաշվի առնել խնդիրը, որը վերաբերում է պարենային անվտանգությանը, որն առաջնային խնդիրներից մեկն է:

«Ե՛վ տեղական արտադրության, և՛ ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում, առհասարակ տնտեսական բլոկի առաջնորդությունն անձամբ տարվում են վարչապետի: Մենք համոզված ենք, որ առաջիկայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս