Պարետն ընդունել է իրավական ակտեր, որոնց իրավունքը չուներ. Մարուքյան
Պարետն այս ընթացքում սահմանափակումներ է մտցրել կառավարության հայտարարած միջոցառումների ցանկից դուրս, այսինքն՝ ընդունել է իրավական ակտեր, որոնց իրավունքը չուներ: Այսօր Ազգային ժողովում ամփոփելով պարետատան գործունեությունը հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով խորհրդարանում քննարկվող արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագծին՝ Մարուքյանը նշեց, որ առաջարկում են տրամաբանական սահմանափակումներ մտցնել:
«Առաջարկում ենք, որ սանիտարահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ վերաբացվի Երևանի մետրոպոլիտենի և ավտոբուսների գործունեությունը, շինանյութի, տնտեսական և սպորտային խանութների գործունեության վերականգնում, արհեստագործական նշանակության կետերի վրա սահմանափակումների վերացում, միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով, մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքի թույլտվություն, օրթեզավորման կենտրոնների վերաբացում և կահույքագործական աշխատանքների թույլատրում:
Այս բոլորի համար սահմանված սահմանափակումներն առաջարկում ենք վերաբացել, և մենք այս առաջարկով քաղաքական ռիսկի ենք գնում ձեզ հետ միասին»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կառավարությանը կոչ անելով գնալ տրամաբանված սահմանափակումների: