«Եթե ամեն ինչ այնքան վատ է, որ դիմել ենք Թուրքիային, ուրեմն ես կլռեմ, եթե հայ ժողովրդի առողջությունն արդեն կախված է Թուրքիայից, ուրեմն՝ վիճակը շատ վատ է». թուրքագետ
Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կապ էր հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար: Զրույցի ընթացքում նա պատրաստակամություն էր հայտնել նաև դեղորայքային աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Արձագանքելով այս տեղեկատվությանը, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանի օրակարգում նման հարց չկա, և որպես երրորդ կողմ՝ ձեռնպահ կմնան ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց։
Այս ամենի արդյունքում էլ Թուրքիայի նախագահի խոսնակը երեկ հայտարարել էր, որ Հայաստանը Թուրքիայից օգնություն է խնդրել: Անդրադառնալով այս հարցին՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տեղեկատվությունը կա՛մ պետք է հերքել, կա՛մ պատասխանել, թեկուզ մերժումով:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով թեմային՝ նկատեց՝ Թուրքիայում այս հարցին արդեն երկու անգամ անդրադարձել են, նախորդ շաբաթ, երբ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի հետ, և ըստ նրա՝ Էրդողանն ասել է, որ պատրաստակամ են աջակցել Հայաստանին դեղորայքի հարցում, և երեկ Էրդողանի մամուլի քարտուղարն ասել է, որ Հայաստանը դիմել է իրենց՝ աջակցություն ստանալու նպատակով:
«Թե ինչ դեղ, չի նշվում, նա միայն նշում է, որ դեղի համար է Հայաստանը դիմել: Նա նաև շեշտում էր Իսրայելի գործոնը, բոլորս էլ գիտենք, որ այդ երկիրն աշխարհի առաջատար հնգյակի մեջ է մտնում բժշկական սարքավորումների, դեղորայքի, բուժսարքավորումների հարցում: Ինձ համար զարմանալի է նաև այս հանգամանքը, որ Իսրայելն էլ է դիմել, հաջորդ զարմանքս այն է, որ Հայաստանն է դիմել դեղի համար: Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի և թուրքագետ, այս հարցին այլ կերպ եմ նայում: Ինքս չգիտեմ, թե Հայաստանի առողջապահական համակարգն ինչ վիճակում է, որ դիմել է Թուրքիային, այսինքն՝ չկա՞ր այլ տարբերակ, և այդ ի՞նչ դեղ էր, որ պետք է դիմեինք Թուրքիային: Մասնագետ չեմ, տեղյակ չեմ՝ ի՞նչ է կատարվում մեր առողջապահական համակարգում, ի՞նչ են թաքցնում կամ չեն թաքցնում, այդ պատճառով էլ՝ կարծիքս գուցե սուբյեկտիվ լինի, ամեն դեպքում ճիշտ չէր լինի այս պարագայում դեղի համար դիմել Թուրքիային:
Մի՞թե Թուրքիան վերջին երկիրն էր մնացել, մյուսներին դիմել՝ մերժվե՞լ էինք, որ մնացել է Թուրքիան»,- ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ Էրդողանի մամուլի խոսնակի երեկվա հայտարարությունից հետո թուրքական սոցկայքերում հենց նրա հայտարարության տակ թուրք օգտատերերը գրել են, թե՝ տեսեք դավաճան հայերին, որոնց միշտ օգնում են, որպեսզի ողջ ու առողջ մնան, իսկ հայերն իրենց մեջքից հարվածում են, ու ասում՝ Ցեղասպանություն է եղել:
«Շատ անհարմար բան եղած կլինի, եթե իրականում հայկական կողմը դեղորայքի համար դիմած լինի Թուրքիային, նկատի ունեմ՝ այս վիճակում, երբ ասում են, թե ամեն ինչ լավ է: Իսկ եթե ամեն ինչ այնքան վատ է, որ դիմել ենք Թուրքիային, ուրեմն ես կլռեմ, եթե հայ ժողովրդի առողջությունն արդեն կախված է Թուրքիայից, ուրեմն վիճակը շատ վատ է»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը:
Ըստ նրա՝ այնպես է ստացվում, որ Էրդողանի մամուլի խոսնակի հայտարարությունից հանկարծ պարզվում է, որ այս անգամ Հայաստանն է դիմել Թուրքիային, ինչն արդեն տարբեր կոնտեքստներ ունի, մի դեպքում՝ Էրդողանը պարզապես պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին, մյուս դեպքում՝ հայտնում են, որ Հայաստանն է իրենց դիմել օգնություն ստանալու համար: Այս պահին անհասկանալի է, սա ճի՞շտ է, թե՞ ոչ, ուստի լավ կլիներ, որ ՀՀ իշխանություններն անդրադառնային այս հարցին:
«Երկու դեպքում էլ այս ամենը վատ է, եթե իրական է՝ վատ է, եթե սուտ՝ կրկին վատ է, քանի որ մոտենում է ապրիլ 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը: Բացի այդ, այս համավարակի օրերին, տեսնում ենք, որ կան երկրներ, որոնք փորձում են միավորներ հավաքել՝ այլ երկրների օգնելու հաշվին: Բնականաբար, Էրդողանն էլ տեսնելով աշխարհի այս միտումները, նաև իրեն հոգեհարազատ լինելով այդ ոճը՝ ուղղակի շահարկեց այս ամենը, հարմար առիթ ու պահ էր, եթե, իհարկե, նման բան Հայաստանի կողմից չի եղել: Եթե լիներ էլ, ավելի շատ էին շահարկելու»,- շեշտեց նա:
Հարցին, եթե իսկապես Հայաստանը դիմել է Թուրքիային, և վերջինս աջակցել է, հնարավո՞ր է՝ կորոնավիրուսային իրավիճակից հետո հայ-թուրքական հարաբերություններն այլ հարթության վրա զարգանան, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց և հիշեցրեց, որ, երբ Արցախում թեժ մարտեր էին ընթանում և սննդի լուրջ խնդիր կար, Հայաստանը դիմել էր Թուրքիային, որտեղից հացահատիկ ուղարկեցին, սակայն դրանից հետո երկու երկրների հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չունեցավ: