«Առաջնագծում մեր կոլեգաներն են, իսկ մենք թիկունքն ենք պահում»․ բժիշկ Միքայել Մանրիկյան
Մի խումբ բժիշկների նախաձեռնությամբ ընդդեմ նոր կորոնավիրուսի (COVID-19) ստեղծվել է Բժշկական Կամավոր Միությունը։
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիվանդության կանխարգելում՝ բնակչությանն իրազեկելով, կամավոր բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստում՝ առցանց տարբերակով, ծավալված և ծավալվող ինֆեկցիոն հոսպիտալների բուժանձնակազմին սննդով ապահովում, հոսպիտալների նյութատեխնիկական աջակցություն (դիմակներ, ձեռնոցներ, համապատասխան հանդերձանք և այլն), հոսպիտալներում սարքավորումների ինժեներական աջակցություն, կամավորների համալրմանն ուղղված աշխատանքներ։
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Միքայել Մանրիկյանը, որը Բժշկական կամավոր միության համահիմնադիրներից է, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կամավորների խումբը, բացի մայրաքաղաքից, այցելելու է նաև մարզեր, գյուղեր։
«Պտտվելով թե՛ քաղաքում, թե՛ գյուղերում, անվճար դիմակներ ենք բաժանելու ժողովրդին, տանելու ենք կանխարգելիչ աշխատանք։ Չեմ կարող ասել, որ մարդիկ լիարժեք հետևում են ինքնամեկուսացման, հիգիենայի կանոններին։ Օրինակ՝ սուպերմարկետներում կամ 3-4 հոգով զբոսնող մարդկանց շրջանում տեսանելի է, որ սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։ Այնինչ, չպետք է մոռանան պահպանել սոցիալական հեռավորությունն ու հետևել ինքնամեկուսացման հորդորին։ Կանգնեցնե՛նք վիրուսի տարածումը, սոցիալական հեռավորությունը կյանքեր է փրկում»,- նշեց Միքայել Մանրիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ կամավորական խմբի մյուս անդամները նյութատեխնիկական օժանդակություն են ցուցաբերելու, դիմակներ, կոմբինեզոններ են հատկացնելու բժիշկներին։ Կամավորների մեկ այլ խումբ սննդի հարցով է զբաղվում։
«Երկար ժամանակ է, որ սնունդ է մատակարարվում Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկներին։ Պացիենտներին սնունդ չենք տրամադրում, որովհետև նրանց հատուկ կալորիականությունը հաշվի առնող սնունդ են տալիս՝ կախված հիվանդությունից, որպեսզի ստամոսքն ավելորդ չծանրաբեռնվի, որովհետև չգիտես, թե վիրուսն ինչպես կարող է ազդել։ Հովանավոր չկա, տարբեր մարդիկ են օգնում մեզ։ Մարդ կա՝ ասում է, թե՝ ես ձեզ կարող եմ 300 լիտր սպիրտ տալ կամ դիմակ, և այլն։ Կան ռեստորաններ, որոնք սնունդ են մատակարարում բժիշկներին»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ եթե տեղեկանում են, որ այս կամ այն հիվանդանոցում որևէ բժշկի անհրաժեշտություն կա, ապա իրենց միացած կամավորների հետ կապ են հաստատում ու նրանց գործուղում են տվյալ վայր։
«Առաջնագծում մեր կոլեգաներն են, իսկ մենք թիկունքն ենք պահում, սակայն յուրաքանչյուրս պատրաստ է անհրաժեշտության դեպքում մտնել հիվանդանոց ու կատարել բժշկական աշխատանքներ»,- հավելեց մեր զրուցակիցը։