Չկշռադատված քայլերի հետևանքները  

Այլևս պարզ է, որ կորոնավիրուսի հասցրած տնտեսական կորուստներն ահռելի են լինելու։ Դրանք հաշվելու ժամանակ առաջիկայում դեռ շատ կունենաք։ Բայց այսօր արդեն հայտնի է, թե անցած կարճ ժամանակահատվածում դա ինչպիսի տխուր հետևանք է ունեցել տնտեսության առանցքային ոլորտներից մեկի վրա, որի հետ իշխանությունները ժամանակին մեծ հույսեր էին կապում՝ թե՛ տնտեսության զարգացումների, և թե՛ արտաքին հաշվի բարելավման առումով։

Խոսքը զբոսաշրջության մասին է։

Իշխանափոխությունից հետո զբոսաշրջությունը դարձել էր տնտեսական հաջողություններով հպարտանալու՝ իշխանությունների սիրած թեմաներից մեկը։ Ճիշտ է, այստեղ զարգացումներն աննախադեպ չէին, ինչպես մինչև վերջերս սիրում էր տեղի-անտեղի հայտարարել վարչապետը, բայց գործ ունեինք բավական բարձր ակտիվության հետ։ Անցած տարի զբոսաշրջության աճը կազմեց 14,7 տոկոս։ Աճի տեմպը ցածր էր իշխանությունների չսիրած հետհեղափոխական ժամանակահատվածից, բայց 14,7 տոկոսը վատ ցուցանիշ չէր։

2019թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասավ գրեթե 1,9 միլիոնի։ Հույսերը, որ այս միտումը կշարունակվի նաև այս տարի, այլևս հօդս են ցնդել։ Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Կորոնավիրուսը սրբեց-տարավ զբոսաշրջության հետ կապված բոլոր ակնկալիքները։ Այսօր տնտեսության այդ հատվածը հայտնվել է կաթվածահար վիճակում՝ իր հետ քաշելով նաև հարակից բազմաթիվ ճյուղեր։

Արդեն հայտնի են զբոսաշրջության առաջին եռամսյակի տվյալները։ Ըստ այդմ, այցելությունները նվազել են գրեթե կիսով չափով։ Եթե անցած տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան էր եկել 364 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի դրանց թիվը եղել է հազիվ 189 հազար։ Այսինքն՝ կրճատվել է 175 հազարով։

Հասկանալի է, որ դա տեղի է ունեցել հիմնականում մարտին, երբ իշխանությունների անլրջության ու անհետևողականության հետևանքով Հայաստանը հայտնվեց կորոնավիրուսով վարակվածների համաշխարհային քարտեզում։ Այդ պայմաններում պարզ էր, որ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Առավել ևս, որ իր չմտածված քայլերի հետևանքով երկրի ղեկավարությունն էլ ավելի արագացրեց այդ պրոցեսը։

Չգիտես՝ ում մտքի փայլատակման արդյունքում՝ վերցրին ու կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդներին տեղափոխեցին երկրի թիվ 1 զբոսաշրջային գոտի։ Արդյունքը եղավ այն, որ արդեն հաջորդ օրն այստեղ այլևս զբոսաշրջիկներ չկային։ Նրանք սարսափահար լքեցին ոչ միայն Ծաղկաձորը, այլև Հայաստանը։ Իրավիճակը փրկելու և զբոսաշրջիկներին հետ պահելու՝ իշխանությունների, այդ թվում՝ վարչապետի հուսահատ քայլերն արդեն անօգուտ էին։ Գնացքն այլևս գնացել էր։

Այնպիսի հուժկու հարված, ինչպիսին կառավարությունը հասցրեց Հայաստանի զբոսաշրջությանն այդ փուլում, նույնիսկ վատ երազում դժվար էր պատկերացնել։ Կարճ ժամանակահատվածում կորոնավիրուսն արագորեն տարածվեց երկրում՝ ստիպելով չեղարկել նաև եղած պատվերները։

Պարզ է, որ դա մի օր լինելու էր։ Բայց այդ օրը կարող էր շատ ավելի ուշ լինել և շատ ավելի պակաս հետևանքներով, եթե ժամանակին իշխանությունները համարժեք քայլեր իրականացնեին համաճարակի ներթափանցումը կանխելու և հետագա տարածումը նվազագույնի հասցնելու համար։ Այդ դեպքում գուցե Հայաստանը բնակչության հարաբերությամբ չլիներ աշխարհում վարակված վատագույն երկրներից մեկը։

Զբոսաշրջության հետևանքները, որոնք ի հայտ եկան կորոնավիրուսից հետո, դեռ այն չեն, ինչ երևում է առաջին եռամսյակի տվյալներով։ Դրանք միայն առաջին ծիծեռնակներն են։ Իրական ազդեցությունները տեսնելու ենք հետագայում։ Ընդ որում, ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ ֆինանսական համակարգում։

Այժմ արդեն մեռած վիճակում է սպասարկման ոլորտը, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսությունը։ Եթե 1-2 ամիս առաջ որևէ սեփականատիրոջ առաջարկեիր բարձրակարգ հյուրանոցը տրամադրել կորոնավիրուսով վարակվածներին, գուցե քեզ գժի տեղ կդներ։ Բայց հիմա շատերը պատրաստ են գնալ դրան, միայն թե կարողանան փրկել իրենց տնտեսությունը։

Սպասարկման ոլորտում զբաղված բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք սնվում էին հիմնականում զբոսաշրջությունից, այսօր կանգնած են փակման եզրին։ Կառավարության առաջարկած աջակցությունը՝ կլինի արտոնյալ վարկերի թե աշխատողներին տրամադրվող մեկանգամյա նպաստների տեսքով, խնդիր չի լուծում։ Շատերը ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը։ Սպասարկման փոքր օբյեկտներն արդեն այդ գործընթացում են։ Գուցե կառավարության օժանդակությունը մի փոքր էլ ձգի այդ պրոցեսը։ Բայց այն լինելու է՝ 1 ամիս շուտ, թե 1 ամիս ուշ։

Դժվար է հավատալ, որ անգամ կորոնավիրուսի վերացումից ու սահմաների բացումից հետո զոսաշրջությունը միանգամից վերականգնվելու է։ Տնտեսական ու ֆինանսական այն իրավիճակը, որը ստեղծվել է ամբողջ աշխարհում, էապես ազդելու է քաղաքացիների տեղաշարժի վրա։ Նախկին ակտիվության վերականգնումը կարող է տարիներ տևել։ Նայած, թե մինչև ո՞ւր կհասնի համաշխարհային տնտեսության անկումը։

Զոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով Հայաստանը հասցրել է կրել ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ ֆինանսական բավական մեծ կորուստներ։ Անցած տարվա համեմատ, պաշտոնական հաշվարկներով, միայն առաջին եռամսյակում այս ոլորտից երկիրը չի ստացել առնվազն 135 մլն դոլար։ Թեև իրականում այդ թիվն ավելի մեծ է։ Չգիտես ինչու՝ անցած տարի, երբ զբոսաշրջային հոսքերի ակտիվություն կար, Կենտրոնական բանկի նախագահն ու վարչապետը հայտարարում էին, որ զբոսաշրջիկները սկսել են Հայաստանում ավելի շատ գումար թողնել, քան նախկինում էին թողնում. նախկինում 1 զբոսաշրջիկի հաշվով դա կազմում էր՝ 730, հիմա՝ 880 դոլար։

Ու եթե իրականում այդպես էր, ապա ստացվում է, որ առաջին եռամսյակում Հայաստանը զբոսաշրջության ոլորտում կորցրել է ոչ թե՝ 135 միլիոն, այլ ավելի քան 150 մլն դոլար։ Դա նշանակում է, որ այդքան տարադրամ մուտք չի եղել ֆինանսական շուկա։ Նախորդ տարի հենց այդ գործոնով էր բացատրվում դրամի ամրապնդումը։

Հիմա հակառակն է՝ տարադրամային հոսքերը նվազել են։ Եվ ոչ միայն՝ զբոսաշրջության, այլև՝ բազմաթիվ այլ ոլորտներից, այդ թվում և՝ տրանսֆերտային շուկայից։ Կենտրոնական բանկը պահուստներ ունի, բայց ինչքա՞ն կարող են դրանք բավարարել։ Առաջին եռամսյակում ԿԲ պահուստները հասցրել են կրճատվել 268 մլն դոլարով։ Թեև շարունակում են բավական բարձր մնալ։ Ապրիլի 1-ի դրությամբ դրանք կազմել են 2 մլրդ 582 մլն դոլար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս