Բաժիններ՝

Նարեկ Դուրյանը շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին և խնդրում է զգույշ լինել

Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը շնորհակալություն է հայտնում բուժաշխատողներին՝ շեշտելով, որ նրանք ճակատամարտի դաշտում են, պայքարում են ոչ միայն մեր, այլև իրենց և իրենց ընտանիքների առողջության համար:

Դուրյանն այս մասին տեսաուղերձ է զետեղել «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են, գիտեն, որ կապի հաճախ դուրս գալ չեմ սիրում, բայց այս օրերին անընդհատ ցանկանում եմ ինչ-որ բան ասել, արտահայտվել, հետո մտածում եմ՝ ախր ի՞նչ պետք է ասել, ինչի՞ մասին մարդիկ չգիտեն, բացի այդ այսօր խոսելիս պետք է մտածել. ամեն ինչ ասել չես կարող:

Կա մի բան, որ անպայման պետք է ընդգծել, և ես վստահ եմ՝ ժողովուրդն ինձ միանում է: Ինձ համար պարտականություն է շնորհակալություն ասել մեր բժիշկներին, բուժքույրերին, բոլոր հիվանդանոցներում, շտապօգնությունում աշխատողներին»,-նշում է արտիստը:

Դուրյանի խոսքով՝ նրանք իսկապես ճակատամարտի դաշտում են, հերոս են, նրանք ոչ միայն պայքարում են վիրուսի դեմ, այլև միաժամանակ սովորում, որովհետև ամեն օր վիրուսի մասին ինչ-որ նոր բան է բացահայտվում:

«Պայքարում, սովորում և ընտանիք պահում: Բժիշկները պետք է ամեն ինչ անեն, որ ոչ միայն իրենք չհիվանդանան, այլև, Աստված չանի, տուն չտանեն»,-հիշեցնում է նա:

Դուրյանը բժիշկներին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում, խնդրում, որ իրենց լավ նայեն, զգույշ լինեն, մի վայրկյան անգամ չթուլանան, առողջ մնան:

«Խոնարհվում եմ ձեր առաջ: Վստահ եմ՝ բոլորը միանում են ինձ: Մերսի»,-եզրափակում է Նարեկ Դուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս