Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

168․am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգով Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նրանք, ովքեր պահքի մեջ են գտնվում, կարող են այսօր երեկոյան Ճրագալույցի Սուրբ Պատարագը առցանց դիտելուց հետո ուղղակի լուծել իրենց պահքը․ «Դա առաջին քայլն է, որ պետք է կատարեն։ Ինչ վերաբերում  է Հաղորդությանը, ապա ցուցում տրվել է, որ եթե հնարավորություն ունեն զատկական պատարագներից հետո, հաջորդող օրերին այցելել եկեղեցիներ և ստանալ Հաղորդություն։ Հոգևոր դասն այդ մասին իրազեկված է և իրենք Հաղորդություն պետք է տան բոլոր այն հավատացյալներին, որոնք իրենց դիմում են և Հաղորդություն են խնդրում»։

Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք ինքնամեկուսացված են, ապա, քահանայի խոսով՝ եկեղեցու հորդորն է, որ բոլորն էլ պահպանեն պետական կառույցների կողմից տրված համապատասխան ցուցումները․ «Այդ մասին նաև Հայոց եկեղեցին ամենայն Հայոց Հայրապետի շուրթերով հորդոր է հղել ժողովրդին, որպեսզի հետևեն պատասխանատվության ամենաբարձր զգացումով, այդպիսով հոգ տանելով և աահովագրելով իրենց կողքին գտնվող բոլոր մարդկանց, պահապանեն բոլոր կանոնները, որոնք սահմանված են, որ մենք չվտանգենք որևէ մեր մերձավորի, հարազատի, մտերիմի կյանք»։

Տեր Վահրամը նշեց, որ եթե անձը իսկապես առողջական խնդիր ունի և խիստ անհրաժեշտություն է նկատվում, որպեսզի նրան Հաղորդություն տրվի նաև բժշկության համար, նման պարագաներում ժողովուրդը կարող է կապ հաստատել իրենց եկեղեցիների հոգևոր հովիվների հետ, և հոգևոր հովիվները, բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցների ձեռնարկմամբ, կայցելեն նրանց և Հաղորդություն կտան․ «Սակայն, հսականալի է, որ բոլորին տներում Հաղորդություն տալ հնարավոր չէ, և դա կատարվում է բացառիկ պարագաներում, երբ որ իսկապես հիվանդության լուրջ խնդիր կա և Հաղորդություն տալն ուղղակի անհրաժեշտություն է»։

Այսօր երեկոյան էլ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին հորդորում է՝ տանը մնալ․ «Հորդորում ենք, որ մեր ժողովուրդը մնա տանը կամ նրանք, ովքեր աշխատավայրերում իրենց ծառայությունն են կատարում, մնան աշխատավայրերում, վառեն իրենց հույսի և լույսի մոմը և իրենց աղոթքը կատարեն՝ այդպիսով հայցելով երկնավոր Տիրոջը, որպեսզի իր հարության շնորհներով լուսավորի մեր ժողովրդին, պայծառ պահի մեր հայրենիքը և անփորձանք յուրաքանչյուր հայորդուն։ Թող Տերը իր առատ շնորհները հեղի մեր կյանքից ներս, որպեսզի մենք կարողանանք այդ հարության բերկրանքն ու ուրախությունը լիարժեքորեն ապրել և դրանով հաղթահարել մեր կյանքի բոլոր փորձություններն ու դժվարությունները»։

Քահանան ընդգծեց․ «Մենք պարտավոր ենք մտածել միմյանց մասին, և որքան էլ տարօրինակ է, Հայոց եկեղեցին այսօր հորդորում է իր զավակներին, որպեսզի վերապահ մնան այցելությունից եկեղեցիներ, որքան էլ որ դա հոգու պահանջ է և անհրաժեշտություն։ Հոգևոր կյանքի հետ մեկտեղ՝ հարկ է մտածել մեր հավատացյալների առողջության մասին։ Եվ այդ է պատճառը, որ Հայոց եկեղեցին հորդորում է, որ յուրաքանչյուրը այդ գիտակցությամբ առաջնորդված անհրաժեշտ քայլերը ձեռնարկի, որպեսզի որևէ կերպ չվտանգի իր կողքինի կյանքը և առողջությունը»։

 

Տեսանյութեր

Լրահոս