«Այս ժամանակաշրջանում մենք պետք է շատ ավելի զգույշ լինենք սահմանին․ Ադրբեջանը կարող է լայնածավալ գործողությունների գնալ»․ Կարեն Հովհաննիսյան
168․am-ը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների ֆոնին ինչո՞ւ Ադրբեջանը սադրանքների գնաց նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ կանխվեց, ապա՝ Արցախում, որտեղ զոհ ունեցանք, արդյո՞ք ստուգում էին՝ հայկական կողմը կորոնավիրուսի հետևանքով զգոնությունը կորցրե՞լ է, թե՞ այլ խնդիր էին փորձում լուծել:
«Նրանք անընդհատ մեր զգոնությունը ստուգում են, բայց այս դեպքում ես բոլորովին այլ կարծիքի եմ՝ փորձ է կատարվում, նախ և առաջ, բանակում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տեղեկատվություն տարածողներին ապացուցել, որ այդքան էլ այդպես չէ, բանակը մարտունակ է և կարող է իրականացնել մարտական առաջադրանք, տվյալ դեպքում՝ հենց դիվերսիոն գործողությունը, և երկրորդ՝ փորձ էր կատարվում այդ կերպ ներքին լարվածությունը տեղափոխել սահման։ Չմոռանանք, վերջիվերջո, որ վերջին երեք օրվա ընթացքում, այսօր ևս, բավականին լուրջ բողոքի ակցիաներ են իրականացվում հատկապես այն շրջաններում, որտեղ շարժը չի թույլատրվում։ Մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում զբաղվածության կենտրոնների, պետական օբյեկտների առջև և իրենց սոցիալական խնդիրներն են բարձրաձայնում։ Նաև հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը փորձ է կատարում սահմանում որոշակի լարվածություն ստեղծելով՝ այդ ներքին լարվածությունը չեզոքացնել»,- պատասխանեց նա։
Միևնույն ժամանակ՝ փորձագետը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է ավելի կոշտ միջոցների դիմել, քան, օրինակ՝ դիվերսիոն ներթափանցման փորձն էր․ «Այնպես էր, որ այս ժամանակաշրջանում մենք պետք է շատ ավելի զգույշ լինենք սահմանին․ կարող են ավելի լայնածավալ գործողությունների գնալ։
Թեպետ այս շրջանում նման գործողությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու համար է լինելու, բայց միևնույն ժամանակ՝ ցանկացած ռազմական գործողություն ունի նաև իր նպատակը, որ որոշակի հաջողություններ գրանցի, և այնպես չէ, որ մենք պետք է հանգիստ լինենք, ասենք՝ լավ, մի երկու հատ կրակում են, իրենց ժողովրդին են շեղում, ո՛չ, այդպես չէ, իրենք առաջադրանք են իրականացնում և կարող են կոնկրետ առաջադրանքում հաջողության հասնել»։