ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար. Deutsche welle
ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար:
«Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անվտանգության խորհրդի փակ նիստում, որը կայացել է ապրիլի 10-ին:
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը շարունակում է աշխատել կորոնավիուսի դեմ պայքարի շրջանակում մի քանի ուղղություններով, մասնավորապես տրամադրում է բժշկական սարքավորումներ այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն, աջակցում հումանիտար առաքելություններին տարբեր պետություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հարցում:
Անտոնիո Գուտերեշը ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռ մարտի 25-ին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է տեսակապի միջոցով: Այն այս կառույցի առաջին խորհրդակցությունն էր համավարակի հարցով: Դիվանագետի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը շատ մեծ է, քանի այս կառույցը «կարող է նպաստել վարակի հետևանքների թուլացմանը խաղաղության ու անվտանգության համար»:
Անտոնիո Գուտերեշը դրական է համարել այն, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կրակի դադարեցման իր կոչն աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից: «Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա, Մերձավոր Արևելքից մինչև Ասիա մենք դիտարկում ենք, տեսնում ենք, թե կոնֆլիկտի կողմերը ինչպես են քայլեր ձեռնարկում համավարակի դեմ պայքարում և բռնության դադարեցման ուղղությամբ»,-նշել է նա: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ որոշ կոնֆլիկտներ համավարակի պայմաններում նույնիսկ սրվել են և կոչ է արել պահպանել զգուշավորություն: