Հանձնաժողովի «մատի փաթաթանը»
Երբ քաղաքական որոշ ուժեր հայտնվում են լուսանցքում, փորձում են ամենապատեհ պահին ճիշտ փաթեթավորմամբ իրենց մատուցել հանրությանը։ Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ ժողովրդի հիշողությունը բավական կարճ է, և գրեթե տասնամյակը մեկ հայ հանրության շրջանում քաղաքական ամնեզիայի չափաբաժինը հատում է վտանգավորի սահմանը։
Այսօր հետհայացք գցելով ներքաղաքական դաշտին՝ տարօրինակ ու արտասովոր ոչինչ չենք տեսնում, երբ ՀԱԿ-ը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է՝ արդեն անգամ առաջին դեմքի մակարդակով։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի իրեն դուրս դնել ՀԱԿ-ից և իրեն առանձնացնել Լևոն Տեր-Պետրոսյանից, ակնհայտ է, որ նա իր հոգևոր ու քաղաքական «հոր» գծած սահմանից ոչ մի միլիմետր չի շեղվում և հստակ դերաբաշխում է դաշտի խաղացողներին։ Հենց այս քաղաքական ուժի մնացորդներն են, որ պարբերաբար թեզեր են ներդնում՝ հիմնականում կոշտ ու իռացիոնալ տիրույթից։
Օրերս կոչով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը և իրեն բնորոշ ոճով «համերաշխության ու հանդուրժողականության» հերթական չափաբաժինը բաց թողեց քաղաքական մթնոլորտում։ Տեր-Պետրոսյանի գերքաղաքականացված դրույթներում մի առանձնահատուկ կետ բավականին առօրեական է, ավելին, ուղղակի բխում է ստեղծված իրավիճակից։
«Զարմանալիորեն» Տեր-Պետրոսյանն իր «ազգապահպանության» կոչում, չգիտես ինչու, չանդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակը թունավորող կարևորագույն կետերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակեղծարար ու սահմանադրական կարգը խախտող հայտարարությունների փաստին, չխոսեց ապօրինի ու հակասահմանադրական որոշումների ընդունման մասին։ Հատկանշական է նաև այն, որ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող Առաջին նախագահը չանդրադարձավ նաև կառավարության տնտեսական քաղաքականությանը և ելքեր ցույց չտվեց։
Կոչից ժամեր անց իշխանական լրատվամիջոցները լծվեցին Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշած թեզերի շահարկմանը և հանրությանը լայն բացվածքով ներկայացնելու գործին։ Հետաքրքիրն այն էր, որ մի յուրահատուկ դերաբաշխում էր կատարվել, որպեսզի հնարավորինս հասկանալի ձևով հանրությանը մատուցվի նրա ասելիքը։
Կոչի մեջ առանձնացված կետերից մեկը վերաբերվում էր ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելուն․ զարմանալին այն էր, որ Առաջին նախագահն այս հանգամանքը հատուկ շեշտել էր իր կոչի մեջ։ Իրականում, առաջին հայացքից սա այն առաջնային ու անկյունաքարային թեման չէր, որի մասին արժեր հատուկ շեշտել և թիրախ դարձնել։ Սակայն դա՝ միայն առաջին հայացքից, քանի որ հարցին խորքային ու բովանդակային հայացք ձգելով՝ տեսնում ենք, որ այն Տեր-Պետրոսյանի համար ուներ կենսական արժեք։
Հիմա՝ ավելի մանրամասն, թե ինչ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել էր ներկայանալ հանձնաժողով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին։ Իսկ մինչ այդ քննիչ հանձնաժողով չէր ներկայացել ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, և այդ փաստը դարձել էր իշխանության հանար «մատի փաթաթան»․ մինչև Սարգսյանի գրասենյակը կպատասխաներ հանձնաժողովին, մեդիադաշտում թեման ծամծմվեց, միանշանակ անհարկի, քանի որ ոչ ոք չգիտեր, թե, ի վերջո, ինչ մարտավարություն էր կիրառելու Սերժ Սարգսյանը։
Երբ հայտնի դարձավ, որ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հանձնաժողով (իհարկե, որոշակի պայմաններ առաջ քաշելուց հետո միայն), իշխանության ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր ընդգրկված էին քննիչ հանձնախմբում, փորձել են հասկանալ, թե հետագայում ինչ քայլեր են ձեռնարկելու։ Ականատեսները պատմում են, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը հեռախոսով մի քանի անգամ հեռախոսազրույց ունեցել «շեֆի» հետ։
Իշխանությունը, հասկանալով, որ հայտնվում է քաղաքական փակուղու առաջ, քանի որ իրենց կողմից շահարկվող թեզերը, թե «Ապրիլյանի ժամանական բացթողումները շատ են եղել», «պետք է լսել թիվ մեկ պատասխանատուին», «ողջ պատասխանատվությունը ընկնում է գերագույն գլխավոր հրամանատարի և ԳՇ պետի վրա», միանգամից ջուրն են ընկնում և ցույց են տալիս դրանց մտացածին ու ֆեյքային լինելը։ Այս ամենը միմյանց հետ համադրելով՝ պարզ է դառնում, թե որտեղից են գալիս Տեր-Պետրոսյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքները ժամանակավոր սառեցնելու մասին թեզերի թելերը։
Պարզ է մի բան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում, այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա փաստացի կոչ է անում փակել Ապրիլյանի էջը։
Արմեն Հովասափյան