Բաժիններ՝

«Եթե մեկ առ մեկ այդ հարցերին պատասխանեմ, ապա նախագծին «Լուսավոր Հայաստանը» կողմ  է քվեարկելու». Ռուստամ Բադասյանը՝ ԼՀԿ-ի առաջարկների մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունները, որն արդեն առաջին ընթերցմամբ  խորհրդարանն ընդունել է, որից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ իրենց խմբակցության կողմից եղած առաջարկը չի ընդգրկվել նախագծում:

Քանի որ առաջարկ էր եղել նախագծում ներառել նաև ապօրինի գույքի կամավոր հայտարարագրման ինստիտուտը, որը թույլ կտար առանց պետության կողմից ռեսուրս ծախսելու՝ համագործակցության հիման վրա, կատարել բռնագանձում:

«Մեր երկրորդ առաջարկը վերաբերում էր ֆինանսական ինստիտուտների շահերի պաշտպանությանը, ինչը չափազանց կարևոր է: Այսինքն, եթե ենթադրաբար  ապօրինի ծագմամբ  գույքն արդեն իսկ գրավադրված է, գործընթաց սկսելու դեպքում ինչո՞վ է երաշխավորված գրավառուների իրավունքների պաշտպանությունը, պատկերացրեք, որ, եթե այն բռնագանձվի, ո՞վ է վճարելու այդ ապահովության միջոցի կորստի դեպքում: Մեր երրորդ և չորրորդ առաջարկները հիմնականում կապված էին ներդրումային միջավայրի հետ, չեմ կիսում Ձեր այն հիմնական լավատեսությունը, որ այս ամենը դրական է ազդելու ներդրումային միջավայրի վրա:

Ներդրողների համար անորոշությունները միշտ ռիսկեր են առաջացնում: Հաջորդ առաջարկը վերաբերում էր գույքի բարեխիղճ ձեռք բերողի սահմանմանը, պարոն նախարար, երկու չափորոշիչի սահմանումը, մասնավորապես՝ այն, որ պետք է ապացուցվի, որ գույքի ձեռք բերողը չի իմացել, որ այն ապօրինի է հայտնվել վաճառողի ձեռքում և ունի ապօրինի ծագում, որքան էլ մենք այս ամենի ապացուցման բեռը դնենք պետության վրա, միևնույն է՝ հստակության խնդիր կա, թե որ դեպքում կարելի է կասկածել, որ անձն իմացել է, որ գույքն ապօրինի է, սակայն այն գնել է, և որ դեպքում չի իմացել և ձեռք բերել: Ավելին, կարծում եմ՝ որևէ ներդրող չպետք է ապացուցի եկամուտների օրինականության հարցը»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով՝ Ռուստամ Բադասյանը նախ՝ ասաց. «Եթե մեկ առ մեկ այդ հարցերին պատասխանեմ, ապա նախագծին «Լուսավոր Հայաստանը» կողմ  է քվեարկելու»:

Այնուհետև պատասխանելով առաջին հարցին՝  նա նշեց, որ գույքի կամավոր հայտարարագրումը միակ բանն է, որ նախագծում չեն ներառել, քանի որ, ըստ նրա՝ առաջարկը ներկայացվել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, պարզապես խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ «ոտքի վրա» այն մի քանի րոպե քննարկել են:

«Մենք ասել ենք, որ այդ ամենը, այսպես ասած, հաշտությամբ ենք անելու, այսինքն՝ մարդուն հնարավորություն ենք տալիս ապօրինի ծագման գույքի  75 տոկոսը վերադարձնել՝ թույլ տալով, որ շարունակեն օգտվել 25 տոկոսից՝ այդպիսով խնայելով պետության ռեսուրսը: Այսինքն՝ Ձեր կամավորության տարրը մենք ավելի շատ տեսնում ենք հաշտության գնալու մեջ»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս