«Որևէ մեկը մեզ չի կարող ապահովագրել թուրք-ադրբեջանական հերթական սադրանքից». Գագիկ Համբարյան

«Ադրբեջանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը երկրի ներքին խնդիրներից շեղելու համար սադրանքներ կազմակերպել և այդպիսով իրենց հասարակությանը ցույց տալ, որ ավելի կարևոր խնդիր ունեն՝ արցախյան խնդիրը, կամ, ինչպես իրենք են փորձում ներկայացնել՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, քան կորոնավիրուսն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ակտիվացմանը նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին, ապա՝ շփման գծում, որի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ:

Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը մշտապես ակտիվանում է երկու դեպքում․ «Առաջինը, երբ տարածաշրջան են ժամանում ինչ-որ կարևոր պատվիրակություններ, և սադրանքների գնալով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ արցախյան հիմնախնդիրը կա, և կարող են պայթյուններ տեղի ունենալ, եթե Ադրբեջանի ուզած սցենարով չլուծվի։ Եվ երկրորդը, երբ Ադրբեջանում կան խորը սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներ։ Իսկ հիմա Ադրբեջանում առաջին խնդիրը կորոնավիրուսի տարածումն է, երկրորդը՝ նավթի գների անկումն է միջազգային շուկայում։ Ադրբեջանական իշխանությունները, շատ լավ հասկանալով, թե ինչ հետևանքներ այս ամենը կարող է ունենալ երկրի համար, փորձում են սադրանքների միջոցով սեփական հասարակության ուշադրությունը շեղել երկրի ներքրին խնդիրներից»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ այս փուլում Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների կգնա՞։

«Եթե տեղի ունենան կտրուկ վայրիվերումներ ռուս-թուրքական հարաբերություններում, կամ Մերձավոր Արևելքում տարբեր երկրների շահերը կտրուկ բախվեն, չի բացառվում, որ նույն Թուրքիան, որը շատ մեծ ամբիցիաներ ունի տարածաշրջանում՝ իր դերակատարությունը մեծացնելու և կրկնապատկելու առումով, կարող է իր կրտսեր եղբայր Ադրբեջանին սադրել, որպեսզի վերջինս գնա իրավիճակի կտրուկ լարման։ 2016թ. ապրիլյան կարճատև պատերազմից հետո որևէ առումով մենք չպետք է հանգիստ նստենք և պետք է միշտ իմանանք, որ որևէ մեկը մեզ չի կարող ապահովագրել թուրք-ադրբեջանական հերթական սադրանքից»,- ի պատասխան՝ ասաց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս