Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է ուսման վարձավճարների խնդիրներին:
Քաղաքացին հարցնում էր, թե ինչպես ուսանողները վճարեն վարձը, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են գումար վաստակելու հնարավորությունից: Միգուցե հնարավոր լինի որոշակի առումով փոխհատուցե՞լ այդպիսի ուսանողների ուսման վարձը:
Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունը: Նախարարն առաջարկել է, որ բուհերը մինչև արտակարգ դրության ավարտը և դրանից հետո ևս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն, որից հետո յուրաքանչյուր ուսանողի հետ կկազմվի ուսման վարձ վճարելու անհատական գրաֆիկ: Միևնույն ժամանակ, նախարարը կոչ է արել ուսանողներին, ովքեր գումարի վճարման խնդիր չունեն, վճարեն, որ դասախոսներն աշխատավարձ ստանան:
«Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից: Սիրելի ուսանողներ լավ սովորեք, լավ ցուցանիշներ ունեցեք, և մենք կապահովենք, որ վարձի պատճառով որևէ մեկը դուրս չմնա բուհից: Սա է իմ խորհուրդը և խնդրանքը»,- նշեց վարչապետը: