«Գերմանիայում հեռախոսային խոսակցությունների կամ GPS համակարգի օգնությամբ մարդկանց հետևելու առաջարկ եղել է, բայց Դաշնային արդարադատության նախարարը կտրուկ մերժել է դա». Գոռ Հովհաննիսյան

Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գերմանական փորձի մասին 168.am-ը զրուցել է գերմանաբնակ իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ, ով, հիշեցնենք, ՀՀ նախագահի կողմից առաջադրվել էր՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չընտրեց վերջինիս:

Մեր խնդրանքով` Գոռ Հովհաննիսյանը լրջագույն ուսումնասիրություն է կատարել համավարակի դեմ պայքարի, դրա գերմանական առանձնահատկությունների, սոցիալական աջակցության ծրագրերի, պետության մոտեցման վերաբերյալ, այն մասին, թե ինչպես ու ինչի շնորհիվ է Գերմանիան հաջողություններ գրանցում COVID-19-ի դեմ պայքարում:

Համավարակի տարածման տեմպերի ու ցածր մահացության պատճառների մասին

Երեկ առավոտյան 9:30-ի դրությամբ Գերմանիայում հաստատված վարակակիրների թիվը 96092 է, իսկ մահերի թիվը` 1444: Ընդհանուր առմամբ առողջացել են 26400-ը: Մահերի թիվը մյուս երկրների համեմատ բավականին քիչ է, և դրա համար նշվում են մի քանի պատճառներ: Ցածր մահացության պատճառներից մեկը, ըստ փորձագետների, կարող է լինել գերմանական պետական մարմինների շատ արագ արձագանքը համավարակին: Գերմանիայում, Բեռլինի Շարիտե կլինիկայում դեռևս հունվար ամսին շատ արագ հասկացել են վտանգը և կորոնավիրուսի առաջին թեստերից մեկը մշակել են հենց այնտեղ: Բացի դրանից, Գերմանիայում կա լաբորատորիաների շատ մեծ ցանց, և դրանց խտությունը երկրում մեծ է, ինչը հեշտացնում է թեստավորումը: Դեռևս հունվար ամսից, երբ վարակվածների թիվը դեռ շատ փոքր էր, Գերմանիայում սկսել են թեստավորումը: Ռոբերտ Քոխ ինստիտուտի գնահատմամբ` կարելի է Գերմանիայում օրական կատարել 12000 թեստավորում: Բացի դրանից, գերմանական հաջողության պատճառներից մեկը 25000 ինտենսիվ մահճակալների և նաև շնչառական սարքերով հագեցած մահճակալների առկայությունն է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, ֆրանսիական կլինիկաներում կան ընդամենը 7000 արհեստական շնչառության սարքերով ապահովված մահճակալներ, Իտալիայում` մոտ 5000, Անգլիայում` 4000: Ավելորդ չէ նշել, որ Դաշնությունը երկրամասերի հետ արդեն պայմանավորվել է, որ ծայրահեղ դեպքերում պետք է տարբեր մարզասրահներն ու հյուրանոցները նախապատրաստվեն հետագա անհրաժեշտ բուժումների համար և ապահովված լինեն անհրաժեշտ սարքավորումներով: Նկատենք, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների  մեծամասնությունը երիտասարդ և առողջ մարդիկ են: Կորոնավիրուսով վարակվածների 70 %-ը, ըստ Ռոբերտ Քոխ ինստիտուտի նախագահ Լոթար Վիլերի, 20-50 տարեկան մարդիկ են:

Համավարակի դեմ տարվող պայքարի միջոցառումների մասին

Մարտի 16-ից Գերմանիայում որոշում ընդունվեց՝ սահմանափակել մարդկանց շփումները և նրանց տեղաշարժման ազատությունը: Նախ ասեմ, որ միջոցառումները տարբեր երկրամասերում տարբեր են, որովհետև Գերմանիան Դաշնային պետություն է, և համաճարակներից պաշտպանությունը երկրամասերի, այլ ոչ թե՝ Դաշնության իրավասության հարց է: Այսինքն` յուրաքանչյուր Դաշնային երկրամաս ինքն է որոշում, թե այդ ոլորտում ինչպիսի կարգավորումներ ներառի օրենքներում: Հետևաբար՝ տարբեր երկրամասերում համավարակի դեմ տարվող պայքարի միջոցառումները տարբեր են, բայց դրանք համեմատելի միջոցառումներ են: Մարտի 16-ից գործում են այդ սահմանափակումները: Մասնավորապես փակ են բոլոր սրճարանները, ռեստորանները, խաղահրապարակները, եկեղեցիները: Բաց են միայն սննդամթերք ու ըմպելիքներ վաճառող խանութները: Ըստ տվյալների` Գերմանիայի բնակչությունը մեծ մասամբ հարգում է սահմանված կանոններն ու պահպանում դրանք, և, թեև ամենից շատ խախտումներ գրանցված են մայրաքաղաք Բեռլինում, բայց այնտեղ մինչ այժմ գրանցվել է մոտ 1500 խախտման դեպք, այն դեպքում, երբ Բեռլինի բնակչությունը մոտ 4 միլիոն է:

Դաշնային կանցլերի աշխատակազմի ղեկավարը վերջերս հայտարարեց, որ այս միջոցառումները շարունակվելու են առնվազն մինչև ապրիլի 20-ը: Ապրիլի 20-ից առաջ ձեռնարկվող միջոցառումները չեղարկելու կամ դրանք թուլացնելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև վարակվածների թիվը, այնուամենայնիվ, շարունակում է աճել: Մինչև ապրիլի 20-ը եղած դրության հիման վրա կարվեն եզրակացություններ, և ըստ այդմ կորոշվի, թե հետագայում ինչպես վարվել:

Հեռախոսային խոսակցությունների կամ GPS համակարգի օգնությամբ մարդկանց հետևելու մասին

Գերմանիայում, ինչպես արդեն ասացի, կա սահմանափակում միայն այն մասին, որ մարդիկ իրարից պետք է հեռու մնան, խմբեր չկազմեն, արգելվում է խմբերով ինչ-որ տեղ գնալը, բացառությամբ ընտանիքի անդամների: Եվ, ի տարբերություն ասիական երկրների` Հարավային Կորեայի կամ Չինաստանի, որտեղ նաև մարդկանց հետևում են հեռախոսային խոսակցությունների կամ GPS համակարգի օգնությամբ, Գերմանիայում նման միջոցառումներ անցկացնելու առաջարկ եղել է, բայց Դաշնային արդարադատության նախարարը կտրուկ մերժել է դա, և տարբեր մասնագետներ այդ մասին խոսելիս ասում են, որ դա ազգային մենթալիտետի հարց է: Ասիական երկրներում մարդկանց անհատական տվյալների նկատմամբ հարգանքն այդքան էլ մեծ չէ, ու դրա համար պետությունները շատ հանգիստ օգտագործում են այդ տվյալները: Արևմտյան Եվրոպայի երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ կա բոլորովին այլ կարծիք ու այլ մոտեցում, և իսկապես  անհատական տվյալների պաշտպանությունը չափազանց բարձր մակարդակի վրա է ու չափից դուրս խիստ պաշտպանության է ենթարկվում: Հետևաբար՝ գոնե այս պահին նման միջոցառումներ չեն լինի: (ՀՀ Ազգային ժողովը ևս օրերս ընդունեց հեռախոսներով մարդկանց տեղորոշելու մասին օրենքը.- Գ.Ս.):

Պետության` իր քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին

Պետությունն աննախադեպ ֆինանսական օգնություն է խոստանում բնակչությանը: Պատկերացրեք, պետությունը 600 միլիարդ եվրոյի օգնություն է նախապատրաստել: Ընդ որում, կարգավորումը հետևյալն է: Անհատ ձեռներեցները և մինչև 10 աշխատող ունեցող ձեռնարկությունները պետությունից ստանում են անհատույց օգնություն, իսկ մինչև 150 աշխատող ունեցող ձեռնարկությունները պետությունից ստանում են շատ ձեռնտու պայմաններով վարկ:

Բացի դրանից, ընդունվել է, այսպես կոչված, կարճ աշխատանքի մասին օրենք, ըստ որի` պետության թույլտվությամբ գործատուները կարող են աշխատողներին թույլատրել աշխատել տնից ու շարունակել ստանալ աշխատավարձ, որը կարող է կրճատվել առավելագույնը 40%-ի չափով, բայց գործատուները նախապես պետք է այդ հնարավորությունը կիրառելու հարցով դիմեն պետությանը, Դաշնային աշխատանքային գործակալությանը, որը կստուգի դրա անհրաժեշտությունը, և միայն պետության թույլտվությունից հետո գործատուն կարող է կիրառել աշխատավարձը կրճատելու այդ միջոցառումը:

Նշեմ նաև, որ օրենքով վարձատուներին արգելվում է լուծել վարձակալության պայմանագիրը, եթե վարձակալը չի կարողանում վճարել բնակարանի վարձը: Եթե չեմ սխալվում, այդ կարգավորումը գործում է մինչև հունիսի վերջ:

Դատարանների աշխատանքի մասին

Դատարանները նույնպես շարունակում են աշխատել: Այս կամ այն դատական նիստը հետաձգելը դատավորի անկախության հարցն է, և միայն ու միայն կոնկրետ գործով դատավորը կարող է որոշել` նիստը հետաձգե՞լ, թե՞ ոչ: Դատավորին այդ մասին ոչ ոք որևէ ցուցում տալու իրավունք չունի ու չի էլ տալիս:

Օրենսդիրը` Բունդեսթագը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարեց և դատավորների համար հնարավորություն ստեղծեց քրեական գործերով նիստերը հետաձգել 3 ամսով: Մինչ այդ այդպիսի հիմք չկար, բայց կոնկրետ գործով նիստը կհետաձգվի՞, թե՞ չէ, որոշում է դատավորը` ինքը:

Խափանման միջոցների փոփոխության մասին

Կարող եմ ասել, որ, օրինակ, Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիա երկրամասում թեթև և միջին ծանրության հանցագործությունների համար 1-2 ազատազրկման դատապարտված անձանց ազատել էին բանտից, որպեսզի նրանք չվարակվեն կորոնավիրուսով:

Տեսանյութեր

Լրահոս