«Արցախը հանդիսանում է աշխարհաքաղաքական խաչմերուկներից մեկը. նրան նախագահ-առաջնորդ է պետք, որը չի հենվի միայն սեփական քաղաքական թիմի վրա». Վլադիմիր Գրիգորյան

Արցախում մարտի 31-ին կայացած նախագահի և խորհրդարանական ընտրությունների արդյունքների, արցախյան ներքաղաքաքական «կանոնների» և առանձնահատկությունների շուրջ 168.am-ը զրուցել է «Հայկի Սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանի հետ:

Արցախի նախագահի թեկնածուների շարքում գլխավոր «խաղացողները» տարբեր ոլորտներ էին ներկայացնում` տնտեսության մարդ կամ սեփականատեր, զինվորական, քաղաքական գործիչ և եվրոպական աշխարհին ընկալելի բանակցող` Արայիկ Հարությունյան, Մասիս ՄայիլյանՍամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան: Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` առաջին տեղում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է` տնտեսության ոլորտի ներկայացուցիչ, երկրորդը` Մասիս Մայիլյանը` եվրոպական աշխարհին ընկալելի բանակցող: Սա ինչի՞ մասին է խոսում` արցախցուն կանխատեսելի տնտեսակա՞ն մարդ էր պետք, եթե անգամ նախկինում նրա հետ կապված դժգոհություններ ուներ, իսկ Մասիս Մայիլյանի ձայները

– Արայիկ Հարությունյանի արձանագրած արդյունքների մասով կարող ենք ասել, որ, երբ նա 2018 թվականի ամռանը հրաժարական ներկայացրեց և դուրս եկավ Արցախի պետական նախարարի պաշտոնից, ամբողջ ուժով լծվեց իր գլխավորած քաղաքական ուժի՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության վերակառուցման և վերազինման աշխատանքին, որի ընթացքում նա սկսեց աշխատել հասարակության ամենատարբեր խմբերի հետ, որոնց շրջանակը բավական մեծ և լայն էր։ Հարությունյանը երկու տարվա ընթացքում բավական մեծ ինտենսիվությամբ իրականացրեց հանդիպումներ Արցախի գրեթե բոլոր համայնքներում, ընդունեց հազարավոր քաղաքացիների, որոնցից յուրաքանչյուրին ցուցաբերեց անհատական մոտեցում։

Արայիկ Հարությունյանն ընդհանրապես բավական ճկուն է, և լինել նրա քաղաքական հակառակորդը՝ իսկապես հեշտ «աշխատանքներից չէ»։ Նա այս ողջ ընթացքում փորձեց կապ հաստատել և իր թիմակիցների շարքերը համալրել նաև այն անձանցով, որոնք տարբեր ժամանակաշրջաններում եղել են իր և իր քաղաքական թիմի ընդդիմախոսները: Այսինքն` չբաժանեց յուրայինների և ոչ յուրայինների, իշխանության համակիրների կամ ընդդիմադիրների, իրեն տարբեր ժամանակներին ընդունողների կամ չընդունողների: Եվ սրանով է նաև պայմանավորվում Հարությունյանի արձանագրած արդյունքները, իհարկե, վստահ եմ, նա շատ ավելի մեծ արդյունքներ էր կանխատեսում, որովհետև իսկապես կատարել էր շատ մեծ աշխատանք դա ունենալու ուղությամբ։

Մայիլյանը հիմնականում սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, քաղաքական իր թիմը ձևավորեց այն անձանցով, ովքեր վերջին շրջանում՝ պայմանավորված Մայր Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունով», սկսել էին հանդես գալ ծայրաստիճան ընդդիմադիր հայացքներով, բայց Արցախում՝ գոնե այս շրջանում, դա բավարար չէր քաղաքական բարձր արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանրապես, Արցախի ընտրողը շատ անկանխատեսելի է, և կատարել հաշվարկներ՝ հիմնվելով միայն Հայաստանի ընտրողի վրա, սխալ է։

Մայիլյանի քաղաքական թիմում ևս կան բավական խելացի և լուսավոր երիտասարդներ, որոնք, վստահ եմ, ապագայում դեռ կունենան քաղաքական հաջողություններ, սակայն այս փուլի համար, երբ քո քաղաքական «հակառակորդը» գործում է բավական ակտիվ և ինտենսիվ, հիմնվել միայն քննադատությունների և ընդդիմախոսության վրա, բավարար չէ։

Արցախի հասարակությունն այդքան էլ չի սիրում ծայրաստիճան ընդդիմախոսությունը, նա մեծամասամբ նայում է նաև, թե ով է այդ խոսքը հնչեցնում, ինչ ճանապարհ է նա անցել, ինչ է նա ընդհանրապես արել, ինչպես է իր քննադատությունը հիմնավորում և ինչ ծրագրեր է պատրաստ իրականացնելու սոցիալական կյանքը թեթևացնելու, անվտանգության լուծելու ուղղությամբ։ Իսկ եթե գլոբալ առումով դիտարկենք, թե Արցախին ինչ ղեկավար է պետք` ելնելով փաստից, որ Արցախը հանդիսանում է աշխարհաքաղաքական խաչմերուկներից մեկը, նրա հանդեպ հետաքրքրություններ կան արտաքին աշխարհում խաղացողների կողմից, որոնց հետաքրքրությունների սահմանը միայն քաղաքական չէ, այլ, մեծ հաշվով, տնտեսական, իսկ ֆինանսը սիրում է միայն կայունություն և հնարավորինս կանխատեսելիություն։ Այ պարագայում Արցախին անհրաժեշտ է ունենալ ոչ միայն նախագահ, այլ նախագահ-առաջնորդ, ով իր շուրջը կարող է ապահովել իրական լայն քաղաքական և հասարակական կոնսոլիդացիա, որը ոչ միայն պետք է ընտրվելու համար, այլ նաև հետագա պաշտոնավարումն անցնցում իրականացնելու և կանխատեսելիությունը պահելու համար։

Այն վստահությունը և կանխատեսումները, որն ունեին տարբեր բևեռներից հանդես եկող քաղաքական միավորումները կամ դրանց առաջնորդները, բոլորին կանգնեցրեց բարդ իրավիճակի առջև, երբ պարզ դարձավ, որ Արցախը՝ գոնե այս պահին, չունի այնպիսի առաջնորդ, որը միայն սեփական ուժերով կարող է ապահովել բացարձակ վստահության քվե։

Ժողովրդավարության առումով միգուցե դա լավ է, բայց հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները, կարծում եմ, հետագայում մտածելու, վերլուծելու և ուղղելու շատ բաներ կլինեն։

Մարտի 31-ին նաև խորհրդարանական ընտրությունններ էին, որի արդյունքում Արցախի նոր ԱԺում ներկայացված կլինեն 5 ուժեր. առաջին տեղում «Ազատ հայրենիքՔՄԴ»-ն է՝ ըստ ստացած կողմ ձայների, երկրորդ տեղում՝ «Միասնական հայրենիք»-ը, երրորդում` «Արդարություն» կուսակցությունը, չորրորդ տեղում ՀՅԴն է, հինգերորդում` Արցախի «ժողովրդավարական կուսակցությունը»: Ծանոթ լինելով այս ուժերի ղեկավարներին և դրանց գաղափարախոսությանը, ի՞նչ սպասել նոր ԱԺից, գուցե այն լուրջ առավելություննե՞ր է ունենալու նախորդի համեմատ, ի վերջո, 2 ռազմական գործչի ուժ կա այս դեպքում:

– Խորհրդարանի առավելությունների մասին կարելի է եզրահանգումներ անել միայն մեկ տարի հետո, երբ հասարակությունը կտեսնի նրա աշխատանքը։

Խորհրդարանի արդյունավետությունը ես չափում եմ նրա օրենսդրական գործունեությամբ, թե որքանով է այն իրականացնում վերահսկողություն պետական կառավարման մարմինների աշխատանքների վրա, որքանով է հասանելի դարձնում հասարակ քաղաքացու խոսքը և խնդիրները խորհրդարանի բարձր ամբիոնում, որքանով է կարողանում գեներացնել քաղաքական խոսք, միտք և մշակույթ, ինչպիսի աշխատանքներ է իրականացնում խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ։

Արցախը պատերազմի մեջ գտնվող երկիր է, կա ղարաբաղյան չլուծված կոնֆլիկտ, սա հաշվի առնելով՝ արդյոք Ձեզ համար բավարա՞ր էին ազգային անվտանգության ոլորտում Արցախի նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի` ազգային անվտանգության, բանակի, Արցախի խնդրի հետ կապված երաշխիքները, ծրագրերը, երբեմն-երբեմն խոստացած փոփոխությունները: Չե՞ք կարծում, որ դրանց ներկայացման պակաս կար քարոզարշավին, ավելի շատ անձնավորված պայքար էր, մեղադրանքներ, ցավոք, նաև Արցախյան պատերազմի միջով անցած մարդկանց կողմից` միմյանց ուղղված:

– Ես ուրախ եմ, որ մեր անվտանգությունը կախված չէ միայն Արցախի և Մայր Հայաստանի քաղաքական միավորումներից կամ քաղաքական դերակատարում ունեցող անձանցից։

Ազգային անվտանգությունը բավական լայն հասկացողություն է, որի մեջ մտնում է թե՛ բանակը, թե՛ պետական կառավարումը, թե՛ համապատասխան ինստիտուտների կայացվածությունը, թե՛ տնտեսությունը, թե՛ սոցիալական պաշտպանվածությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը և շատ այլ բաներ։ Այս ընտրապայքարում մենք տեսանք տարբեր քաղաքական ուժերի ծրագրեր, որոնք առաջարկում են իրապես դրական լուծումներ, բայց հիմնականում այն ոլորտներում, որտեղ, առանձին-առանձին վերցված, նրանք ունեն առավելություններ:

Այսինքն` ամեն մեկը, ելնելով իր ոլորտային առավելություններից, նախապատվությունը և կարևորությունը տալիս էր կոնկրետ մեկ կամ մի քանի ուղղությունների։ Ցավոք, այո, այս ընտրապայքարը տեղի ունեցավ շատ անձնավորված, ծրագրերի, գաղափարների ու դրանց մոտեցումների վերաբերյալ բանավեճ շատ քիչ տեղի ունեցավ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր կլիներ անվտանգության տեսանկյունից, որովհետև այդպես մենք ընտրազանգվածին դուրս կբերեինք նոր մակարդակի, և հետագա ընտրությունները հիմնված կլինեին առաջարկվող ծրագրերի վրա։

Ըստ էության, երկրորդ փուլի ելքը կանխատեսելի է, հետագա կառավարման համակարգում ի՞նչ հրատապ սրբագրումներ պիտի արվեն, ովքեր պիտի չլինեն և լինեն այդ համակարգում:

– Արցախի պարագայում կանխատեսումներ անելը՝ գոնե այս ընտրություններում, մենք համոզվեցինք, որ կարող է այնքան էլ ճիշտ չլինել, բայց անկախ նրանից, թե կընտրվի Արցախի հաջորդ նախագահ, նա, կրկնում եմ, պետք է դառնա նաև առաջնորդ, իսկ առաջնորդ Արցախում կարող է լինել միայն այն անձը, ով կհենվի ոչ միայն սեփական քաղաքական թիմի վրա, այլ նաև մյուս քաղաքական և հասարակական թիմերի վրա։ Արցախն ունի բազմաբևեռ քաղաքական և հասարակական միավորումներ, որոնց հետ բաց և անմիջական աշխատանքի արդյունքում է հնարավոր ապահովել միասնականությունը, իսկ դա համար մեկ խնդիրն է Արցախի և Մայր Հայաստանի անվտանգության ապահովման գործում։

Արցախում բոլոր քաղաքական և հասարակական միավորումներում էլ կան բավական լուսավոր անձինք, ովքեր շատ անգամներ և շատ տեղերում ապացուցել են իրենց հայրենասիրությունը, պետք է համախմբել բոլոր առողջ ուժերին, հետ քաշել բոլոր սահմանները և անցնել աշխատանքի, իսկ աշխատանքները լինելու են բավական ծանր՝ հաշվի առնելով այն խնդիրները, որն իր հետ բերել և բերելու է այն չարիքը, որը կախվեց աշխարհի վրա։ Այս ընտրությունները վերահաստատեցին այն միտքը, որ Արցախում չկա քաղաքական ուժ կամ անձ, ով կունենա բացարձակ մեծամասնություն և առանց մյուս ուժերի օժանդակության՝ կարող է ստանձնել Արցախի առաջնորդի դերը։

Տեսանյութեր

Լրահոս