Կոճապղպեղը, լիմոնը, սոխը, սխտորը չեն պաշտպանում կորոնավիրուսից, հանգի՛ստ թողեք այդ մթերքները․ Սննդաբան

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության արդյունքում քաղաքացիներն ավելի շատ նստակյաց կյանք են վարում, ուտում են շատ, քայլում են՝ քիչ։ 168.amսննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանից հետաքրքվեց, թե այս պայմաններում ինչպե՞ս պետք է ճիշտ սնվել։

«Այո՛, այս ընթացքում մեր բոլորի էներգոծախսը հերիք չէ՝ շատ է քչացել, մի հատ էլ՝ ոչ թե էներգոծախսին համապատասխան նվազեցնում ենք սնունդը, այլ մի բան էլ լարվածության ֆոնին անընդհատ ծամում: Սթրեսային և լարված իրավիճակներում մեզ հաճախ ձգում է դեպի սնունդը, սննդընդունման ընթացքում կարծես հանգստանում ու ազատվում ենք լարվածությունից, բայց սա ավելի է բարդացնում սննդի հետ մեր «հարաբերությունները»: Փորձեք ազատվել սթրեսից՝ զբաղվեք յոգայով, շնչառական վարժություններ կատարեք, երաժշտություն լսեք, կամ ուղղակի զանգեք ընկերներից մեկին և զրուցեք,- ասաց սննդաբանը՝ հավելելով,-  Խուսափե՛ք գայթակղությունից, խոհանոցից դուրս եկեք, քանի որ երբեմն սննդի հետ տեսողական կապը կարծես հուշում է, որ պետք է մի բան ուտել: Սուրճի փոքրիկ սեղանների վրայից վերցրեք և աչքից հեռու պահեք քաղցրեղենը, դրանք փոխարինեք շերտատած բանջարեղեններով և մրգերով: Պլանավորեք սննընդունումը, նախապես մտածեք, թե ի՞նչ եք ուտելու վաղը, համոզվեք, որ ունեք անհրաժեշտ մթերքները, միշտ ունեցեք սառեցրած բանջարեղեն, ամբողջահատիկներ, մրգեր: Հետևեք չափաբաժնին: Տան պայմաններում ևս կարելի է էներգիա ծախսել, օրինակ, տանը մաքրություն անել. 45րոպե տան մաքրությունը հավասար է 220-240 կկալ ծախսի»:

Հարցին՝ այդքան շատ կոճապղպեղ, լիմոն, սոխ, սխտոր օգտագործել պե՞տք է։ Դրանք ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունեն, սննդաբանը պատասխանեց.

«Շատ լավ մթերքներ եք թվարկում, բայց դրանք բոլորն էլ պետք է լինեն չափի մեջ: Պետք է հիշել, որ դրանք չեն պաշտպանում կորոնավիրուսից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի՝ Սննդի ընդունումը կարանտինի ժամանակ ուղեցույցում առաջին նախադասությամբ գրված է. «Շատ են նկատվում խուճապային գնումներ, ինչը կարող է հանգեցնել մթերքների գնային աճի», և սա տեղի է ունենում հենց հիմա՝ մեր աչքի առաջ: Նորից եմ ուզում հիշեցնել՝ այս մթերքները չեն պաշտպանում կորոնավիրուսից, հանգի՛ստ թողեք այդ մթերքները և սնվեք բազմազան։ Ձեր օրգանիզմին ավելի շատ օգուտ կտաք, եթե ուտեք բազմազան միրգ և բանջարեղեն, բավարար սպիտակուց և ածխաջրեր: Շատ ուշադիր եղեք ճարպերի նկատմամբ, քանի որ հագեցած ճարպերը կվատացնեն ձեր սիրտ-անոթային խնդիրները»։

Տեսանյութեր

Լրահոս