«Աշխատավարձերի հետ կապված փոփոխություններն իրականացվել են մինչև մարտի 31-ը, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում նվազել էր աշխատանքային ծանրաբեռնվածությունը». Ծովինար Խաչատրյան
Սոցիալական ցանցերում խոսակցություններ են շրջանառվում, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում դեռևս ամիսներ առաջ բարձրացվել են բժիշկների աշխատավարձերը, իսկ բուժքույրերի և անձնակազմի այլ անդամներինը` նվազել:
168.am-ի հետ զրույցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը չհերքեց դրանք` պարզաբանելով.
«Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ևս օրինաչափորեն նվազել է աշխատանքային ծանրաբեռնվածությունը, և համապատասխան փոփոխությունները իրականացվել են մինչև 31.03.2020թ.-ը: Հիշեցնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, համավարակով պայմանավորված՝ վերապրոֆիլավորվել է 02.04.2020թ., հետևաբար՝ ապրիլ ամսվա աշխատավարձի վերաբերյալ դատողություններ անելը հիմա վաղ է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բուժաշխատողների աշխատավարձի չափերն ուղղակիորեն պայմանավորված են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ (հաշվարկվում է՝ ըստ չափորոշիչների): Հետևապես՝ սույն թվականի մարտ ամսվա աշխատավարձի նվազեցումը պայմանավորված է աշխատանքային թերբեռնվածությամբ»:
Հարկ է նշել, որ բուժքույրերի աշխատավարձերը գոյանում են հիմնականում հերթապահությունից, իսկ բժիշկների դեպքում՝ նաև հավելյալ ծառայություններից, օրինակ` վիրահատությունից:
Օրինակ` եթե այդ օրերին մարդիկ վախից կամ զգուշությունից որևէ խնդրով չեն դիմել, ու մահճակալները դատարկ են մնացել, նշանակում է` աշխատանքն էլ է թեթև եղել, հերթապահություն էլ այնքան չի եղել, որքան կլիներ, եթե բոլոր մահճակալները զբաղված լինեին: