«Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ` նրա մեջ նշելով սահմանափակումների օրերի քանակը, որոնց ընթացքում լրագրողը պետք է գործունեություն ծավալի». վարչապետի խոսնակ
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։
Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի և ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը:
Ըստ էության այս սահմանափակումները տարածվում են նաև լրագրողների վրա, որոնք նախկինում կարողանում էին տեղաշարժվել ու իրենց աշխատանքը կատարել իրենց լրագրողական բեյջերով:
Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու խնդրանքով 168.am-ը դիմեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին:
Մանե Գևորգյանը նախ ասաց, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաև տեղաշարժի թերթիկի առկայությունը, և այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաև գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչև կեսգիշեր:
Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, և լրագրողները տնից են աշխատում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ որևէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչև կեսգիշեր:
«Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասաց վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության:
Մեր ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:
Վարչապետի խոսնակը, ի պատասխան մեր հարցի, ասաց նաև, որ մնացած սահմանափակումները գործում են այնպես, ինչպես նախկինում. Հանրային տրանսպորտը չի աշխատում, բայց աշխատում են տաքսիները, առաքման ծառայությունները նույնպես գործում են, իսկ մարդկանց` այլ խիստ անհրաժեշտ պայմաններում տեղաշարժը կատարվում է՝ ինչպես նախկինում` տեղաշարժման թերթիկ լրացնելով:
«Այս ամենի նպատակը մեկն է` խիստ սահմանափակել մարդկանց տեղաշարժն առանց ծայրահեղ անհրաժեշտության, ինչը կնպաստի վարակի տարածման կանխմանը: Եթե հնարավոր է տնից աշխատել, պետք է տնից աշխատել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, որ աշխատանքի նպատակով անձը տնից դուրս գա, ուրեմն պետք է ունենա այդ տեղեկանքը»,- եզրափակեց Մանե Գևորգյանը: