G7-ի գագաթաժողովի մասնակիցներին հաջողվել է փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Մակրոն
Մեծ յոթնյակի (G7) գագաթաժողովի մասնակիցներին, որը տեղի է ունեցել հունիսի 15-17-ին Ֆրանսիայում, հաջողվել է փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքի հարցազրույցում։
«Քննարկման որակը, որը տեղի ունեցավ [Վլադիմիր] Զելենսկու և Թրամփի միջև, ինչպես նաև նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ՝ դիրքորոշումների մերձեցումն ու կոնսենսուսը, որին հասել են եվրոպական երկրները, Կանադան, Ճապոնիան և ԱՄՆ-ը, վերջին օրերի նշանակալի ձեռքբերումներն են»,- ասել է Մակրոնը։
Նրա կարծիքով՝ «յոթնյակի» գագաթաժողովում հաջողվել է հասնել ուկրաինական հակամարտության նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի «իրական փոփոխության»։ Այս կապակցությամբ Մակրոնը վստահություն է հայտնել, որ Թրամփն իբր այլևս չի համարում, թե Կիևը պարտվում է հակամարտությունում։ «Եվ ես տեսա, որ նախագահ Թրամփը և նրա պետքարտուղար [Մարկո] Ռուբիոն միանգամայն հստակ նշել են, թե որ հարցերում են պատրաստ առաջ շարժվել և որոնք են [ապագա] քննարկման [հակամարտության կարգավորման շուրջ] պայմանները»,- հավելել է նախագահը։
Թրամփը Մեծ յոթնյակի գագաթաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկկողմ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ թույլատրել արտադրել հրթիռներ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար։ Նա նաև հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ ում՝ Մոսկվային, թե Կիևին է համարում պատասխանատու Ուկրաինայում զինված հակամարտության շարունակման և խաղաղ համաձայնություններ չցանկանալու համար։ Գագաթաժողովի ավարտից հետո նա կարծիք է հայտնել, որ ռազմի դաշտում Կիևի գործերն այժմ վատ չեն ընթանում, սակայն ընդունել է, որ Ռուսաստանը մեծ երկիր է և «շատ ավելի մեծ է ռազմական առումով»։

