Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Նորվեգիան Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կբացի գլխավոր հյուպատոսություն, որը կգլխավորի նորվեգացի դիվանագետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
«Վերին Հյուսիսի տարածաշրջանը շարունակում է մնալ Նորվեգիայի կարևորագույն ռազմավարական առաջնահերթությունը, իսկ Արկտիկան միջազգային քաղաքականության և անվտանգության տեսանկյունից գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում», – մամուլի ասուլիսում հայտարարել է Ստյորեն։
Նրա խոսքով՝ «Նուուկում գլխավոր հյուպատոսության բացումը կուժեղացնի ինչպես քաղաքական շփումները, այնպես էլ համագործակցությունը տարածաշրջանում առկա ընդհանուր շահերի շուրջ»։
Գրենլանդիան ինքնավար կղզի է, որը գտնվում է Դանիայի Թագավորության կազմում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու կամ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու նախաձեռնությունը լարվածություն է առաջացրել Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների հարաբերություններում։
Ավելի վաղ՝ այս տարի, Ֆրանսիան նույնպես հյուպատոսություն էր բացել Գրենլանդիայում։

