Արտակարգ ընտրություններ Արցախում՝ առանց միջազգային դիտորդների
Վաղն Արցախում համապետական նշանակության ընտրություններ են: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ազատ Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տեղի կունենան Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները:
«Մարտի 31-ի ընտրությունները 15-րդ համապետական նշանակության ընտրություններն են: Մինչև այս տեղի են ունեցել նախագահի՝ 5, խորհրդարանական՝ 6 ընտրություններ, 4 հանրաքվե: ԿԸՀ-ում հավատարմագրվել է 963 դիտորդ, զանգվածային լրատվության 231 ներկայացուցիչ»,- ասաց Սրբուհի Արզումանյանը:
Արցախի ԿԸՀ նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Արցախում առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն առանց միջազգային դիտորդների, սակայն սա չի կարող ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնել:
«Միջազգային դիտորդական առաքելություն, դիտարկում իրականացնելու հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդ և լրատվամիջոցների 40 ներկայացուցիչ հնարավորություն չունեն ներկա գտնվելու՝ իրենց երկրների տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված: Մեծապես գնահատում ենք դիտորդական առաքելություն իրականացնող մեր միջազգային գործընկերների կատարած աշխատանքը, նրանց օբյեկտիվ կարծիքները, բայց Ընտրական օրենսգրքով այս գործընթացում որևէ ձևով պարտավորվածություն չկա պայմանական դիտորդական կազմերի անհրաժեշտ մինիմումի ապահովման համար: Ողջունելի է, ցանկալի է, որ շատ լինեն: Տեսականորեն մենք յուրաքանչյուր տեղամասում ունենալու ենք 3 դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ընտրությունների լեգիտիմության հարց չի կարող լինել»,- ասաց Արզումանյանը:
Ըստ Արցախի Ոստիկանության տվյալների՝ ընտրական իրավունք ունի Արցախի 103663 քաղաքացի: ԿԸՀ նախագահի խոսքով՝ համապետական նշանակության ընտրությունների մասնակցությունը 65-70 տոկոս է: Այս անգամ հնարավորությունների սահմաններում ապահովվել է նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների մասնակցության հնարավորությունը.
«Քանի որ ընտրական իրավունք ունեցողների մեծ մասը Ստեփանակերտում են, քաղաքապետի հետ համագործակցության արդյունքում բոլոր ընտրատեղամասերում թեքահարթակներ են կառուցվել, որոնք կդյուրացնեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների մասնակցությունը, մնացած շրջաններում դա արվել է՝ ըստ հնարավորությունների: 280 ընտրատեղամասեր կան, որոնք հիմնականում նորակառույց շենքերում են»:
2020-ին Արցախում Ընտրական նոր օրենսգիրք է ընդունվել: Ընտրական կարգում արվել են մի շարք փոփոխություններ:
«Առաջին անգամ կհրապարկվեն ընտրողների ստորագրած ցուցակները, դրանք սկանավորված հասանելի կլինեն տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ առնվազն մինչև ապրիլի 2-ի ժամը 12:00-ն: Ընտրական օրենսդրությամբ նորույթ էր նախագահի թեկնածուների մասնակցությամբ հեռուստաբանավեճի կիրառումը, ինչի ականատեսը եղաք երեկ Արցախի Հանրայինով»,- ասաց Արցախի ԿԸՀ նախագահը:
Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո փաստաթղթերը կտեղափոխվեն մեկանգամյա օգտագործման պարկերով, ինչը կմեծացնի վստահությունն արդյունքների նկատմամբ:
«Նոր քվեախցիկներ կնկատեք, որոնք ավելի են ապահովելու ձեր ընտրությունն անելու գաղտնիությունը: Քվեախցիկներում տեղադրված կլինեն խոշորացույցներ՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար: Կարող է խնդիր առաջացնել այն հանգամանքը, որ տեղամասային կենտրոնները փոքր են: Հնարավորինս խուսափեք կուտակումներից»:
Արցախի ԿԸՀ նախագահի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավը բավականին հուզական է եղել, նա դա պայմանավորում է ընտրության մասնակիցների մեծաթիվ կազմով:
«Հնարավոր չէր, որ ընտրական գործընթացը զերծ մնար դժգոհություններից և խախտումներից: Դրանք մեծ չեն, բայց կան: Դրանց կանդրադառնանք արդյունքների ամփոփումից հետո»:
Սրբուհի Արզումանյանը նաև վստահեցրեց, որ ընտրատեղամասերում առկա տեսախցիկները չեն խախտելու ընտրության գաղտնիությունը, այսինքն՝ քվեախցիկները չեն նկարահանվելու: Արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլի 20-ը ժամը 20:00-ն: