Բաժիններ՝

«Պարոն նախարար, կարո՞ղ է՝ ինչ-որ բան գիտեք, որ մենք տեղյակ չենք, այնպիսի տպավորություն է, որ վիրուսը տարածվում է հեռախոսազանգերի միջոցով». Արկադի Խաչատրյանը՝ Ռուստամ Բադասյանին

ԱԺ-ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի համար այդքան էլ հասկանալի չէ, ուստի դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ նա նշեց.

«Պարոն նախարար, կարո՞ղ է՝ ինչ-որ բան գիտեք, որ մենք տեղյակ չենք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նոր տեղեկատվություն ունենք, որ վիրուսը տարածվում է հեռախոսազանգերի միջոցով: Անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում՝ մենք ֆիքսում ենք ամբողջ ազգաբնակչության էլեկտրոնային և հեռախոսային շփումները, նրա համար, որպեսզի մեկուսացման կամ ինքնամեկուսացման անձանց  շփումների շրջանա՞կը բացահայտենք: Ես կհասկանայի, երբ մեկուսացված անձանց տեղաշարժի էլեկտրոնային քարտեզը կազմվի, որպեսզի տեսնենք՝ ֆիզիկական և սոցիալական հեռավորությունը չպահպանած ինչ շփումներ է եղել: Կամ ի՞նչ է նշանակում՝ բոլոր զանգերը ֆիքսել, ավելին՝ ֆիքսվում է նաև զանգերի տևողությունը»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ հարցը շատ զգայուն է, և միանշանակ դժվար է արտահայտվել դրա վերաբերյալ:

«Պարոն Բադասյանն իր խոսքում հնչեցրեց բիգ դատայի մասին, այսինքն՝ դրա իմաստն այն է, որ տեղեկատվությունը հավաքվում է բոլոր հնարավոր տեղերից, անգամ մանրուք թվացող տվյալներն են հավաքագրում, որից հետո որոշակի ալգորիթմների միջոցով այդ մարդու վարքագծի մասին տեղեկություններ ու ենթադրություններ են գեներացվում»,- ասաց պատգամավորը և նկատեց, որ նույն կերպ աշխատում են նաև սոցիալական ցանցերը:

Պատգամավորին նաև հետաքրքրում էր, թե արդյոք Կառավարությունն ունի՞ տեխնիկական հնարավորություններ, որպեսզի կարողանան ամբողջ տեղեկատվությունը մշակել:

«Կարծում եմ՝ նման իրավիճակում մենք պետք է գնանք որոշակի իրավունքների սահմանափակման, սակայն դա պետք է անենք բալանսավորված ձևով, և եթե որևէ բանի կարիքը չկա, կամ ինչ-որ բան, եթե, այսպես կամ այնպես, չենք կարողանում գեներացնել արդյունավետ, ապա դա պարզապես կարելի է հանել: Եթե մենք մանր տեղեկատվություն վերցնելով՝ կարողանում ենք այլ խնդիր լուծել, բայց չենք կարողանում կանխել այս վիրուսի տարածումը, ապա ավելի լավ է մարդու իրավունքների կամ ազատությունների սահմանափակմանն այդ դեպքում մի քիչ ավելի նրբանկատ և զգույշ մոտենանք»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս