«Նիկոլ ջան, սիրուն չի»
Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին և ինչ գաղափարական հոսանքի պատկանող գործիչ է, ցանկացած պետության ներսում մշտապես առկա են խնդիրներ, որոնք ամենօրյա լուծման կարիք ունեն։
Օրինակ, Հայաստանում նման սպեցիֆիկ վիճակ է տիրում տաքսի ծառայությունների ոլորտում, որտեղ կուտակված խնդիրները տարբեր առիթներով մարդկանց ստիպում են կա՛մ փողոց դուրս գալ, կա՛մ տարբեր բողոքի ակցիաների միջոցով բարձրաձայնել ոլորտում առկա վիճահարույց կարգավորումների մասին։
Տաքսի ծառայությունների շուկան Հայաստանի ամենամրցակցային ոլորտներից մեկն է։ Այստեղ գործում են մի քանի տասնյակ ընկերություններ և մեծ թվով անհատ տաքսու վարորդներ։ Ի դեպ, վերջին շրջանում բավական շատ են բողոքներն անհատ տաքսիստներից, որ ոլորտը մենաշնորհված է, և օնլայն տաքսիները գրանցված լինելով՝ կոպեկների հասնող հարկեր են վճարում:
Մի կողմից՝ այս պնդումները, իհարկե, տրամաբանական են, որովհետև, եթե օնլայն տաքսին հարկ վճարեր, ապա դժվար թե ուղևորափոխադրման գինը լիներ 600-700 դրամ: Միանշանակ է, որ տաքսին տրանսպորտի այն միկրոճյուղն է, որն օրական վարձատրվող է, և յուրաքանչյուր տաքսիստ իր օրվա աշխատած գումարով է կարողանում լուծել հանապազօրյա հացի խնդիրը։ Սակայն ներկայումս երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուղղակիրորեն հարվածի տակ են ընկել նաև այս համայնքի ներկայացուցիչները։ Եթե հետհայացք գցենք, թե ժամանակին ինչ հայտարարություններով ու ամպագոռգոռ կոչերով էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանը, ապա ակնհայտ է դառնում, որ գործ ունենք նրան բնորոշ պոպուլիզմի մերկապարանոց դրսևորման փաստի հետ։
Ժամանակին նա հայտարարում էր. «Անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից, և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել ավելի ազատ պայմաններում»:
Փաշինյանը դեռևս 2018-ի սեպտեմբերին հայտարարում էր, թե դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը: Փաշինյանը պնդում էր, թե կառավարությունը շատ մոտ է այդ որոշմանը, սակայն, ինչպես ականատես ենք դառնում, մինչ օրս այդ հարցը կարգավորում չի ստացել։ Մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա պետք չէ, ամսական 12.000 դրամ վճարը՝ նույնպես, նա հայտարարեց՝ «թող տաքսիստները համարեն, որ իրենց ամսական աշխատավարձը 12.000 դրամով ավելանում է»։
Այդ հայտարարությունից հետո, ով մեքենա ուներ՝ տաքսի դարձրեց, ով մեքենա չուներ՝ գնեց, որ տաքսիստ դառնա։ Կարճ ժամանակում առաջարկը գերազանցեց պահանջարկին, դրան գումարած՝ առցանց տաքսիների մատչելի ծառայությունը, և անհատ տաքսիստների գործը կանգնեց։ Սակայն որքան էլ Փաշինյանը՝ տուրք տալով պոպուլիզմին ու դեմագոգիային, նախընտրական շրջանում հայտարարում էր, թե այլևս տաքսիստներին լիցենզիա պետք չէ, շեփորահարում էր, թե անգամ հին պարտքերն են զրոյացվել, արի ու տես, որ տաքսիստներից շատերը ԴԱՀԿ-ից ու ՊԵԿ-ից նամակներ են ստացել, որ տուգանք պետք է մուծեն չվճարված հարկերի համար։
Այս թեմայի հետ կապված՝ նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը, դիմելով Փաշինյանին, ասել է․ «Ժամանակին Ձեր հորդորով ու կոչով, և օրենքների ոչ լիակատար լինելու պատճառով տասնյակ-հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ: Մարդիկ օրինական գրանցված աշխատում էին տաքսու վարորդներ: Այսօր նրանք ի՞նչ պետք է անեն՝ գոյատևելու և իրենց ընտանիքները պահելու համար»։
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․ «Թույլ տվեք չհամաձայնել, ես որևէ մեկին ապօրինի գործունեության կոչ չէի կարող անել, և դուք սխալ եք ասում: Ես խոսել եմ չգրանցված աշխատակիցների մասին՝ կոչ անելով գրանցվել: Մենք տաքսու վարորդներին ազատել ենք վճարներից, բայց չենք ազատել լիցենզավորման պարտականությունից: Իրենք, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները, պետք է ենթարկվեն պարետի պահանջներին»:
Փաստացի կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը, իրեն բնորոշ ոճով, հերթական անգամ «փուռն է տալիս» իրեն հավատացած ու վստահած մարդկանց, քանի որ այն խառնիճաղանջ իրավիճակը, որը ներկայումս առկա է տաքսի ծառայությունների ոլորտում, հիմնականում Փաշինյանի կոչից հետո է սկսվել, իսկ հիմա ականատես եղանք հերթական, այսպես ասած՝ «քցոցիին»։ Դասականը կասեր՝ «Նիկոլ ջան, սիրուն չի»։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Հավելենք մի կարևոր դրվագ ևս․ սովետական տարիներին ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանը սպասարկում էր տաքսու երեք պարկ՝ 3000 մեքենայով, այսօր արդեն, նույն Երևանում, տաքսիների թիվը հասել է մոտավորապես 80.000-ի։ Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ։