Տպավորություն է՝ ոչ թե այս օրենքը, այլ ձեր բոլոր ելույթներն են թռչնակ դնելու համար. Ռուստամ Բադասյանը՝ Տարոն Սիմոնյանին

Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու  հարցը:

Նախագծի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը համաձայնեց հնչեցրած տեսակետի հետ, որ, թեև այս օրենքի նախագիծն իդեալական չէ, սակայն առաջարկեց ընդունել այն՝ հետագայում որոշակի ձևակերպումների մասով  փոփոխություն անելու և  նաև դրանց կիրառմանը հետևելու պայմանով:

Բաղդասարյանի այս պնդման հետ համաձայն չէր նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քանի դեռ իրավակիրառ պրակտիկան որևէ խնդիր չի արձանագրել, այս օրենքը իդեալական է, պարոն Բաղդասարյան: Դուք՝ բոլորդ, հնարավորություն եք ունեցել այս օրենքի ոչ իդեալական լինելու մասին կարծիքներ և փաստարկներ ներկայացնելու, ինչը, սակայն, չի արվել»,- ասաց  նախարարը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե օրենքի նախագիծը գրվել է ընդամենը թռչնակ դնելու  համար, և այն որևէ հարց չի լուծելու, նախարար Բադասյանը հակադարձեց.

«Թռնչակի մասին… էդ ո՞նց է, որ որևէ մեկը, միջազգային կազմակերպությունները չեն նկատում, որ թռչնակի համար է օրենքը գրվել, միայն դուք եք նկատում: Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեր ելույթներն են թռչնակի համար արվում, որովհետև դրանց տեքստը չի փոխվում և կապ չունի, թե ինչ նախագիծ ենք քննարկում, միևնույն է՝ դուք նույնն եք ասում: Կներե՛ք, բայց ինքներդ ձեզ հակասում եք»: Նախարար Բադասյանն ընդգծեց, որ Կառավարությունը շատ համառ է և որևէ կերպ բարեփոխումների ճանապարհից հետքայլ չի անելու և շարունակելու է խորհրդարանին ներկայացնել արմատական նախագծեր:

Տեսանյութեր

Լրահոս