
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է բանակում չծառայած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ կապ հաստատել ոչ թե Էդմոն Մարուքյանի, այլ՝ իրենց հանձնաժողովի հետ

Մոտավորապես մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել էր Կառավարությանը՝ առաջարկելով համաներմամբ հանդես գալ 27 տարին լրացած, Զինված ուժերում չծառայած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ավելի քան 3500 ՀՀ քաղաքացի գտնվում է արտերկրում, և այս առաջարկության նպատակն էր, որպեսզի մենք համաներման միջոցով դեպի երկիր ներգաղթ ապահովենք:
Այսօր Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս ընթացքում ստանում են բազմաթիվ նամակներ, որտեղ բարձրացվում է 3000-3500 ՀՀ քաղաքացու՝ հայրենիք վերադառնալու անհնարինության հարցը:
«Լավ, էս մարդիկ ի՞նչ են անելու, Հայաստանն էս մարդկանց ասում է՝ եկե՛ք Հայաստան, գնացե՛ք բանտ, ուրիշ լուծում չունենք: Իրանում եվրոպական երկրներում ՔԿՀ-ներից դատապարտյալներ են ազատ արձակվում, հիմա ՀՀ-ում հնարավո՞ր է արդյոք՝ այս քաղաքացիներին տանք հնարավորություն՝ հայրենիք վերադառնալու: Պետք է նաև նման քայլից հետո պաշտոնապես մեր դիրքորոշումը հայտնենք ու ասենք, որ սրանից հետո այլևս որևէ մեկը չի ազատվելու ծառայությունից ո՛չ փողի, դիմաց, ո՛չ համաներմամբ: Բացի այդ, եթե նայում ենք, թե վերջին համաներումն ինչ հանցագործություն գործած մարդկանց վրա տարածվեց, ապա տեսնում ենք, որ խոսքն այստեղ գնում է առավել նվազ հանրային վտանգավորության արարքի մասին»,- ասաց Մարուքյանը՝ կոչ անելով Կառավարությանը ևս մեկ անգամ քննարկել այս նախագիծը և ՀՀ 3500 քաղաքացիներին տալ Հայաստան վերադառնալու հնարավորություն:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Մարուքյանի հայտարարությունից հետո կոչ արեց այդ 3500 ՀՀ քաղաքացիներին՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար զանգահարել ոչ թե՝ Էդմոն Մարուքյանին, այլ՝ հենց իրենց հանձնաժողով, որտեղ քննարկվում է համապատասխան խնդիրը կարգավորող նախագիծը: