Շտապ օգնությանը պետք է դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում. Թագուհի Ստեփանյան
«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորում է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում: Մարտի 23-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում:
«Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանո,ց կթեստավորեն և կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Հարցին, թե արդյոք «Շտապ օգնություն» ծառայության բժիշկներից կան ինքնամեկուսացածներ, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չկան: Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել և այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար: