«Սա քաղաքական քայլ կլինի, որտեղ ԱՄՆ-ը կփորձի դիրքավորվել՝ որպես ներկայումս շատ դանդաղ կերպով առաջ ընթացող track 2-ն խրախուսող կողմ»․ վերլուծաբան

«Նոր ծրագրի հաստատման դեպքում ԱՄՆ-ը կսկսի աջակցել track2 կոչվածին, որից վերջին մեկ տարվա ընթացքում ավելի հաճախ է խոսվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերlուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԱՄՆ-ը կրճատում է ֆինանսավորումն Արցախին։

Հիշեցնենք, որ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացրել էր, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը, և Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը, այդ թվում՝ ծախսած գումարներն ԱՄՆ Անվտանգության խորհրդում՝ իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան»,- նշել էր կենտրոնը տարածած հաղորդագրության մեջ։

Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱՄՆ գործակալություններն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար հնարավորություն են տեսնում, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ, որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ այդ մասին գրել են օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը:

«Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»,- ըստ Սարգսյանի՝ նշել էին նրանք:

Սյուզան Ստյուարտի դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, թե կրճատելով մի ծրագիր և խոսելով մեկ այլ նպատակային ծրագրի մասին, ինչ միջոցներ են պատրաստվում տրամադրել, և դրանք որքանով են համեմատելի։ Այսինքն, ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ տարածելով նմանատիպ երկու տեղեկատվություն, ԱՄՆ-ը կրճատո՞ւմ է ֆինանսավորումն Արցախին, թե՞ փոխում է այդ ֆինանսավորման թիրախը։

«Այստեղ նուրբ տարբերություն կա։ Եթե հաստատվի, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ֆինանսապես օժանդակել կողմերին խաղաղությանը նախապատրաստելու նպատակով, նշանակում է, որ չի կրճատում ֆինանսավորումը, այլ փոխում է դրա վեկտորը։ Չկարգավորված հակամարտության դեպքում ականազերծումը կարծես ծրագիր է ի աջակցություն Արցախին՝ կոնկրետ, որը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը, իսկ խաղաղությանը նախապատրաստելու ծրագիրը քաղաքական մեծ նշանակություն ունեցող ծրագիր կարող է դիտարկվել, ավելի մեծ և հնչեղ ներդրում կարող է լինել, քան պարզապես ականազերծման աշխատանքներին նպաստելը։ Նոր ծրագրի հաստատման դեպքում ԱՄՆ-ը կսկսի աջակցել track2 կոչվածին, որից վերջին մեկ տարվա ընթացքում ավելի հաճախ է խոսվում։ Բնականաբար, ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ նկատի ունեն՝ նշելով՝ խաղաղության նախապատրաստել, բայց կարծում եմ՝ աջակցությունը կարող է լինել այնպիսի ծրագրերին, ինչպիսիք փոխանակումներն են, ժողովուրդների միջև շփումների խրախուսումը, կոնֆերանսները և այլն: Նման ծրագրի շրջանակը չափազանց մեծ կարող է լինել։ Սա, բնականաբար, քաղաքական քայլ կլինի, որտեղ ԱՄՆ-ը կփորձի դիրքավորվել՝ որպես ներկայումս շատ դանդաղ կերպով առաջ ընթացող track 2-ը խրախուսող կողմ։ Սակայն մինչ մանրամասների հրապարակումը չենք կարող հստակ ասել, թե ինչի մասին է խոսքը, ենթադրում եմ, որ այն է, ինչի մասին ես խոսեցի։ Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ հիմա, պատահակա՞ն էր նման ծրագրի մասին խոսելն այս փուլում, թե՞ ոչ, կրկին պետք է հասկանալ, թե ինչ միջոցներ են հատկացվելու, և ԱՄՆ-ը ականազերծմանը որքան էր տրամադրում և որքան է տրամադրելու նոր ծրագրերի համար։ Չի բացառվում, որ նոր ծրագրերը լինեն չափազանց փոքր ծավալի, ինչը նշանակում է, որ ականազերծման ծրագիրը կրճատելը տեղավորվում է Թրամփի ադմինիստրացիայի ավելի գլոբալ քաղաքական ենթատեքստում, իսկ եթե նույնատիպ ֆինանսավորում է լինելու նոր ծրագրին, նշանակում է, որ կա կարգավորմանը կոնկրետ նպաստելու նպատակ։ Շատ մանրամասներ ավելի կհստակեցնեն մեր վերլուծությունները»,- ասաց Ստյուարտը։

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա կամ արդեն բանակցված է կողմերի հետ, կամ բանակցություններն առջևում են ոչ միայն՝ կողմերի, այլև՝ համանախագահ երկրների հետ։

«Չեմ կարծում, թե կողմերից անկախ՝ նման որոշումներ կայացնի համանախագահող երկիրը»,- նկատեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս