Բաժիններ՝

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանը կոչ է անում մնալ տանը

Նորքի ինֆոկցիոն հիվանդանոցի վարակաբան Աշոտ Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով դիմել է հանրությանը՝ կոչ անելով մնալ տանը։ Պապիկյանը գրում է, որ 13 օր է, ինչ ինքն ու հիվանդանոցի գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել է:

«Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ, քանի որ բժիշկ- վարակաբան եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս», -նշում է բժիկը:

Բժշկի զարմանքն է հարուցել այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում: «Բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»,- հարցնում է նա։

«Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ ենք»,- եզրակացրել է վարակաբանը՝ նշելով, որ բժիշկները նույնպես ցանկանում են տուն գնալ։

Գրառումը վարակաբանը ամփոփում է կոչով․ «Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս