Դատարաններն ում ուզում՝ երկրից բաց են թողնում, ու չեն ուզում՝ չեն թողնում. Քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։
Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:
Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահը վերջին պարբերությունը պարզապես արտատպել է իրավաբանության դասագրքերից կամ իրավական վերլուծություններից։ Որովհետև այդ արտահայտությունը գնահատող կառույցը կամ պաշտոնյան չէր կարող անտեսել դատական իշխանության և արդարադատության հեղինակության ոտնահարմանն ուղղված բազմաթիվ դրսևորումները, որ տեղի են ունեցել մինչ այս։
Սկսենք ամենաթարմ օրինակից. Առողջապահության նախարարը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Ո՞ւր էր այդ ժամանակ ԲԴԽ նախագահը։ Ինչո՞ւ չդիմեց գործադիրի ղեկավարին՝ նախարարի հայտարարությանը համարժեք գնահատական տալու պահանջով։ Առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը այս նույն մարմնի և պաշտոնյաների «լուռ համաձայնությամբ» իր բացահայտ վնասը հասցրեց արդարադատությանը։
Լուռ է նաև արդարադատության նախարարը, ում գործընկերը օրինակ ծառայեց հազարավոր քաղաքացիների։ Ի՞նչ է կարծում արդարադատության նախարարը, կարո՞ղ են մյուսները նույնպես, օրինակ վերցնելով իշխանության ներկայացուցչից, արհամարհել դատարանի վճիռներն ու որոշումները, թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են։ Եվ մյուսների պարագայում արդեն գործի կդրվի հենց արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր ծառայությունը։
Եթե մինչ այս, մնացած դեպքերում՝ դատարանները շրջափակելու, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումների, դատավորներին «վնգստացող» անվանարկելու ժամանակ ԲԴԽ-ն համարժեք արձագանքեր, չդրսևորեր երկակի մոտեցում, ապա հիմա արդարադատության հեղինակության մասին խոսելու բարոյական իրավունք ձեռք բերած կլիներ։
Ընդհանրապես հիմնավոր տպավորություն է, որ երկիրը թևակոխել է «քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ»։ Բառիս բուն իմաստով գործում է «մեր դեմ խաղ չկա» չարաբաստիկ օրենքը։ Ուզում ենք այսպես՝ անում ենք ասյպես։ Չենք ուզում՝ չենք անում։
Դատախազությունը որոշում է չբողոքարկել Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումը՝ քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում լինելու հիմնավորմամբ, և որ արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր դատավարական գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կալանքի համար անհրաժեշտ պայմանները խախտելու ռիսկերը։
Միևնույն ժամանակ դատախազությունը Արմեն Թավադյանի կալանքը, որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո հայտարարում է, որ անպայման բողոքարկելու է որոշումը։ Նույնն է մոտեցումը առանձին քաղաքական շահագրգռվածությամբ գործերում, որոնցով նույնիսկ դատական քննության փուլում դատախազությունը համառությամբ պայքարում է անձին կալանքի տակ պահելու համար։
Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե համակարգերի, այլ անձերի որակից: Դատարաններն ում ուզում երկրից բաց են թողնում, ու չեն ուզում՝ չեն թողնում։
Տպավորություն է, որ արդարադատության ողջ համակարգը գործում է բացառապես Փաշինյանին դուր գալու կանխավարկածով։ Սա շատ արագ կբերի թե իշխանության կորստին, թե նման արդարադատություն իրականացնողների անհատական պատասխանատվության։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»