Դաշնակցական տականքը․ Տխրահռչակ, բայց ճակատագրական հոդվածի մասին

1936-37 թվականները, իրենց արյունալի պատմության հետ մեկտեղ, մեկ այլ մշակույթի հիմքեր դրեցին Հայաստանում։ Այդ տարիներին հայկական մամուլում մեկը մյուսի հետևից գրում էին «գրականագիտական» և «քննադատական» հոդվածներ։ Առաջին հայացքից հոդվածներն ունեին նմանատիպ բովանդակություն, քանի որ խոսվում էր ինչ-որ գրողի գրական հայացքների, նրա ստեղծագործական ժանրի, ստեղծագործության թեմատիկայի մասին, սակայն իրականում դա նուրբ լար էր, որով կարելի էր առաջ տանել պետական և քաղաքական գաղափարները։ Հոդվածների հիմքում գրողին, մշակույթի գործչին վարկաբեկելն էր։ Եվ գրեթե բոլոր դեպքերում գործում էր նույն տրամաբանությունը, քանի որ հոդվածից որոշ ժամանակ անց հոդվածի հասցեատիրոջը կանչում էին հարցաքննության, ձերբակալում, աքսորում և կամ գնդակահարում։

Այդ տարիներին իրենց անունը պետական մշակութային և գրական թերթերում «ոսկե տառերով» գրեցին մի շարք գրականագետներ։ Խորհրդային գրականագետ և գրաքննադատ Արտաշես Ոսկերչյանը նոր-նոր էր ավարտել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և իր առաջին փորձերն էր կատարում գրականագիտությունում։

Նրա առաջին զոհերից էր Վահան Թոթովենցը։ Ներկայացնում ենք «Գրական թերթ»-ում 1936 թվականի դեկտեմբերի 31-ին տպագրված «Դաշնակցական տականքը» հոդվածը, որտեղ Արտաշես Ոսկերչյանն ամենավերջին խոսքերով մեղադրում, դատապարտում ու դեպի մահ է ուղարկում Վահան Թոթովենցին։

«Մերկացված տրոցկիստ-նացիոնալիստ, հակահեղափոխական, գրական խալտուրիստ Վահան Թոթովենցը մինչև հեղափոխությունը հանդես է եկել Հայ ժողովրդի ոխերիմ թշնամի դաշնակցության՝ ջարդարար նացիոնալիստական քաղաքականության ջատագովի դերում։ Թոթովենցը եղել է խմբապետ, հայտնի շովինիստ, ջարդարար Անդրանիկ փաշայի համհարզը և «Հայաստան» նացիոնալիստական թերթուկի խմբագիրը։ Ազգային ատելություն ու թշնամանք է քարոզել և ջարդարարության ասպարեզում բավական փորձ էր ձեռք բերել նա, երբ հայ աշխատավորությունը, ջախջախելով դաշնակցության տխրահռչակ տիրապետությունը, Ռուսաստանի հեղափոխական պրոլետարիստի օժանդակությամբ՝ Հայաստանում հաստատեց խորհրդային իշխանություն։ Այդ շրջանում Թոթովենցը մյուս դաշնակցական հակահեղափոխական թափթփուկների հետ միասին էմիգրանտ է դառնում։ Արտասահմանում որոշ ժամանակ մնալուց հետո որոշում է իր «անելիքը»՝ իրեն հայտարարելով խորհրդային օրիենտացիայի մարդ։ Եվ ահա մի օր, խմբապետական այդ վիժվածքը Խորհրդային Հայաստանում է․․․»։ («Գրական թերթ», 1936 թվական, դեկտեմբերի 31։ «Դաշնակցական տականքը»)։

Ներկայացնելով Թոթովենցի «կենսագրությունն» ու անդրադառնալով նրա կուսակցական պատկանելությանը՝ Ոսկերչյանը անդրադառնում է Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» երկին և այն անվանում «գրական վիժվածք»։ Ոսկերչյանը չի հագենում և այստեղ վիրավորում է նաև Աղասի Խանջյանին, ում անվանում է «դավաճան ու երկերեսանի», ով հովանավորում էր Թոթովենցի նման մարդկանց։ Այնուհետև Ոսկերչյանը մասնակի անդրադարձ է կատարում Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպին, որը հայ գրականության անտեսված ու մոռացության մատնված վեպերից է։ Խոսելով «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» երկի և «Բաքու» վեպի մասին՝ Ոսկերչյանը նշում է․

«Սրա լավագույն օրինակ կարող է ծառայել Թոթովենցի երեք հատորանոց «Բաքու» վեպը։

Այդ երես առած սրիկան գրական և գեղարվեստական տեսակետից միանգամայն անարժեք, խալտուրային իր այդ գրվածքում կեղծել ու ֆալսիֆիկացիայի է ենթարկել Բաքվի փառապանծ պրոլետարիատի հեղափոխական պայքարի պատմությունը։ Նրա վեպում դեպքերն այնպես են նկարագրված, որ Բաքվի բոլշևիկյան կազմակերպությունը հանդես է գալիս որպես մի խումբ մարդկանց հավաքածու՝ կտրված մասսաներից և զուրկ հայացքների միասնությունից։ Եվ բոլշևիկների և մենշևիկների միջև տեղի ունեցող պայքարին սկզբունքային լուրջ հիմքերից զուրկ դրուպայական պայքարի բնույթ է տվել։ Իսկ վեպի, այսպես կոչված, կոմունիստ հերոսները անկենդան սխեմաներ, նեղմիտ մարդիկ են, տոգորված կաստային տրամադրությամբ»։ («Գրական թերթ», 1936 թվական, դեկտեմբերի 31։ «Դաշնակցական տականքը»)։

Հոդվածի վերջում Արտաշես Ոսկերչյանը նշում է, որ դիմակազերծված ու ջախջախված են հակահեղափոխական թափթփուկները։ Եվ կոչ է անում ուժեղացնել նացիոնալիզմի դեմ պայքարը։ Սա մեր գրականագիտության պատմության մի մասնիկն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Պետք է հասկանալ, որ ժամանակին այսպիսին էր կյանքն ու գրականությունը, որ ժամանակին մեկ հոդվածը կարող էր ճակատագրական ու որոշիչ լինել։ Ծանր ժամանակներ էին, սակայն մեր երկրում ուժեղ անհատներ էին ապրում։

Հոդվածից մեկ տարի անց՝ 1937 թվականին, Պետհրատում տպագրվեց  29-ամյա Արտաշես Ոսկերչյանի «Երաժշտական հարցեր» գիրքը։ Իսկ «Դաշնակցական տականքը» հոդվածի տպագրությունից 7 ամիս անց էլ սպանվեց Վահան Թոթովենցը։

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս