
Լիբանանի հարավում իսրայելական հարձակումներից կա 1 զոհ և վիրավորներ

Լիբանանի հարավում իսրայելական հարձակումներից կա 1 զոհ և վիրավորներԼիբանանի հարավում գտնվող Նաբաթիե ալ-Ֆաուկա շրջանում բնակելի շենքի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ կին, իսկ վիրավորների թիվը հասել է 13-ի։
Այս մասին հայտնում է Լիբանանի ազգայինլրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը մի շարք ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի հարավին։Իսրայելական ինքնաթիռները քառորդ ժամից էլ պակաս ժամանակահատվածում իրականացրել են ավելի քան քսան ռմբակոծություն։
Տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ հունիսի 27-ի առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Նաբաթիեի մոտակայքում հրթիռներ են արձակել շիաների «Հեզբոլլահ» աշխարհազորի ենթադրյալ ստորգետնյա ապաստարանների և պահեստների վրա:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակում է իրականացվել «Հեզբոլլահ»-ի ստորաբաժանումների կրակի կառավարման և պաշտպանության հրամանատարական կետի վրա, որը բազմիցս հարված է ստացել 2024 թվականի հակամարտության ընթացքում:
Հունիսի 26-ին Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով սպանվել են «Հեզբոլլահ»-ի երկու հրամանատարներ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը կատարել է մոտ 3000 խախտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 209 մարդ, վիրավորվել՝ 504-ը։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ դուրս է եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
2023թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 և վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանության էր ենթարկվել։