«Դուք ամեն ինչ պետք է անեք գրիպից պաշտպանվելու համար, որովհետև պաշտպանվելով գրիպից՝ դուք կպաշտպանվեք կորոնավիրուսից». Բժիշկ Կոմարովսկի

Ռուսաստանցի հայտնի բժիշկ Կոմարովսկին կարծում է, որ մեզնից յուրաքանչյուրը կորոնավիրուսը չպետք է դիտարկի՝ որպես աբստրակտ, ինչ-որ չինական խնդիր, և մարդկությունը պետք է համակերպվի այն բանի հետ, որ այսօրվա դրությամբ «կորոնավիրուս» անվամբ հիվանդություն կա, և պետք է սովորել ապրել դրա հետ:

«Կորոնավիրուսով վարակի մահվան ելքերի թիվը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ կոնտինգենտ է հետազոտվում, և ինչպիսի՞ն է թեստերի որակը: Եթե թեստերը բարձրորակ են, դրանց վրա չեն տնտեսում, ախտորոշվում է հիվանդության թեթև դեպքերի հսկայական քանակություն»,- նշում է բժիշկը:

Ըստ Կոմարովսկու՝ եթե նույն Իտալիայում համաճարակի բռնկման պահին հետազոտում էին տառացիորեն բոլորին, ապա հիմա հետազոտում են միայն իրական սիմպտոմներ ունեցող մարդկանց: Արդյունքում՝ այսօր թեթև տանող վարակակիրները մնում են տանը, իսկ հիվանդանոց դիմում են միայն լուրջ դեպքերում:

«Անընդհատ համեմատություն է տարվում գրիպի և կորոնավիրուսի միջև, և շատ մասնագետներ նշում են, որ այդ համեմատությունները կոռեկտ չեն: Այնուամենայնիվ, այդ երկու վարակների միջև տարբերություններ կան: Գրիպն առավել արագ է տարածվում, քանի որ այն ավելի կարճ ինկուբացիոն շրջան ունի: Երեխաները գրիպի վիրուսի տարածման ամենաակտուալ գործոններից են, և հենց երեխաներն են վարակում մեծերին, հատկապես՝ ծերերին: COVID-19-ի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբեր է: Երեխաներն ակնհայտորեն ավելի քիչ են հիվանդանում, վարակվում են ակնհայտորեն մեծերից: Դեպքերի մեծ մասում հենց մեծերն են պատճառ հանդիսանում երեխաների հիվանդացության»,- ասում է Կոմարովսկին:

Բացի դրանից, ըստ բժշկի, կորոնավիրուսի ու գրիպի դեպքում ծանր դեպքերի գրեթե միանման հաճախականություն կա: Իհարկե, կորոնավիրուսի դեպքում մի փոքր ավելի շատ է, բայց դեռևս ճշգրտման կարիք կա, իսկ դա հնարավոր կլինի անել, երբ վիճակը փոքր-ինչ կկայունանա:

«Գրիպի դեպքում երեխաները, հղի կանայք, ծերերը և լուրջ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ առավել խոցելի խումբ են համարվում: Կորոնավիրուսի դեպքում չկան տվյալներ, որ հղի կանայք և երեխաները հատկապես խոցելի են: Բայց կորոնավիրուսի ու գրիպի գլխավոր տարբերությունն այն է, որի գրիպի դեպքում կան պատվաստանյութեր և հակավիրուսային պրեպարատներ: Կորոնավիրուսի դեպքում այսօրվա դրությամբ պատվաստանյութեր և հակակորոնավիրուսային պրեպարատներ չկան»,- նշում է բժիշկը:

Ինչ վերաբերում է նմանություններին, ապա կորոնավիրուսի և գրիպի դեպքում ծանր դեպքերի ընթացքը շատ նման է, և բացի դրանից, ըստ բժշկի, փոխանցման մեխանիզմներն են նույնը:

«Դուք ամեն ինչ պետք է անեք գրիպից պաշտպանվելու համար, որովհետև պաշտպանվելով գրիպից՝ դուք կպաշտպանվեք կորոնավիրուսից»,- հիշեցնում է բժիշկ Կոմարովսկին՝ հավելելով, որ կորոնավիրուսը գրիպի պես կրկնվելու բնավորություն չունի. օրգանիզմը դրա դեմ դիմադրողականություն է արտադրում:

Խոսելով կարանտինային միջոցառումների մասին՝ Կոմարովսկին նշում է, որ կորոնավիրուսով հիվանդների 80 %-ը շատ թեթև են տանում այն, 15 %-ի համար թթվածին է պահանջվում, և նույնպես լավանում են, և միայն 5%-ի համար է պահանջվում իրական հոսպիտալացում, ինտենսիվ թերապիա, թոքերի արհեստական օդափոխում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս, որ կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց բացարձակ մեծամասնությունը պարզապես նստի տանն ու ոչ ոքի չվարակի, որովհետև 80%-ի դեպքում բուժումը պետք է լինի սենյակն օդափոխելը, մաքուր օդ շնչելը, շատ հեղուկներ խմելը, ուտել չպարտադրելը, բժշկի հետ խորհրդակցելը և ջերմիջեցնող դեղեր ընդունելը, եթե դրա կարիքը կա»,- նկատում է Կոմարովսկին:

Վերջինս նշում է, որ պետք է ամեն կերպ խուսափել այն մարդկանց հոսպիտալացումից, որոնց մոտ սիմպտոմներ չկան, չունեն լուրջ հիվանդություններ, շնչարգելություն կամ շնչառական անբավարարություն:

«Այսպիսով, այսօրվա դրությամբ պետք է ազդեցության ներքո պահել հասարակական տրանսպորտը, եթե պետք է, ընդհանրապես կանգնեցնել, քանի որ իրարից 1 մետրից պակաս հեռավորությամբ գտնվող մարդիկ իրապես կարող են վարակի աղբյուր լինել: Պետք է փակել ժամանցի կենտրոնները, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, ունենալ վարակից զերծ տարածքներ՝ իրենց մահճակալներով, դիմակներով, թթվածնով, հատուկ հագուստով ու դեղամիջոցներով, հնարավոր բռնկման դեպքում»,- ասում է բժիշկը՝ հատուկ ընդգծելով, որ անհրաժեշտ է ծեր մարդկանց առհասարակ զերծ պահել անհարկի շփումներից, տնից դուրս գալուց: Պետք է շատ օգտագործել սոխ, սխտոր, հակավիրուսային պրեպարատներ ու հակաբիոտիկներ ունենալ, ամեն կերպ բարձրացնել իմունիտետը: Ալկոհոլը չի օգնում, այն կանխարգելիչ միջոց չէ, չի օգնում, ավելին, վիճակը վատացնում է ծխելը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս