ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գործերով որոշումներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների ներկայացուցիչները 2020 թվականի մարտի 3-5-ը հանդիպել էին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը և վիճակը ստուգելու համար:
Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ ԵԽ-ն, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, մասնավորապես անդրադարձել էր երկու գործի՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի»:
Նախարարների կոմիտեի նիստի ավարտից հետո հայտնի է դարձել, որ հանձնաժողովի կողմից վերջնական բանաձևեր են ընդունվել ՄԻԵԴ 81 վճիռների և որոշումների վերաբերյալ, որոնք վերաբերում են 11 տարբեր պետությունների:
Ինչ վերաբերում է Հայաստանին առնչվող գործերին, ապա «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով Նախարարները որոշել են վերսկսել այս գործի քննությունը 2020 թվականին կայանալիք իրենց նիստերից մեկում:
«Վիրաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Նախարարների կոմիտեն իր որոշմամբ վերահաստատել է, որ այս դեպքը հիմնականում առնչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների էական և դատավարական խախտումներին՝ դիմումատուներին խոշտանգումների ենթարկելու, ոստիկանության կողմից կալանքի տակ գտնվելու, միջադեպի արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ:
Նախարարների կոմիտեն նաև դիտարկումներ է արել՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է անհատական միջոցառումներին, Կոմիտեն ընդգծել է նմանատիպ դեպքերի քննության արագ վերաբացման անհրաժեշտությունը և կոչ է արել Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով Գուլյանի մահվան հանգամանքները պարզելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին, Նախարարների կոմիտեն նշել է իշխանությանը հետաքրքրությունը ոստիկանությունում աուդիո և վիդեո հսկողության սարքերի տեղադրման վերաբերյալ, խրախուսել դա իրականացնել նախատեսված ժամկետներում: Նաև կոչ է արվել իշխանություններին առանց հետաձգման ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը կպարունակի լրացուցիչ դատավարական երաշխիքներ վատ վերաբերմունքի դեմ:
Հիշեցնենք, որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը, որին զուգահեռ՝ ՄԻԵԴ-ում քննվում էր նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականի, ովքեր, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադառնալ Լաչինում գտնվող իրենց սեփականությունները, որտեղից ստիպված են եղել փախչել 1992թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ ՄԻԵԴ-ը գտել էր, որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։
ՄԻԵԴ-ը «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ին պարտավորեցրել էր 6 անձանց 3 ամսվա ընթացքում վճարել 5000-ական եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար:
«Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որի հիմքում խոշտանգման փաստն էր դրված, ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել էր 3 ամսվա ընթացքում վճարել 25.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 6000 եվրո՝ դատական ծախսերի և ծախսերի փոխհատուցման համար: