«Կորոնավիրուսով վարակված քաղաքացին և կարանտինում գտնվողները կրկնակի թեստ կանցնեն, դրական արդյունքի դեպքում՝ դուրս կգրվեն». ԱՆ խոսնակ
«Հայաստանում ունենք կորոնավիրուսով վարակված մեկ դեպք, այդ քաղաքացու վիճակը գնալով ավելի է լավանում, և առաջիկայում կտրվի կրկնակի թեստ՝ հասկանալու համար՝ արդյոք վիրուսը նրա օրգանիզմում մահացե՞լ է, թե՞ ոչ, եթե դրական արդյունքներ լինեն, ապա նա դուրս կգրվի։ Ծաղկաձորում կարանտինում գտնվող քաղաքացիները ևս լավ են. մինչև այս պահը գանգատներով, ջերմող հիվանդներ չեն եղել նրանց մեջ, նրանք ևս թեստավորում կանցնեն, և նրանց դեպքում էլ, եթե արդյունքը բացասական չլինի՝ կարանտինից դուրս կգրվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով կարանտինում գտնվող քաղաքացիներին և կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակին։
Հարցին՝ ակտիվ քարոզարշավի հետ կապված՝ Առողջապահության նախարարությունը ռիսկեր չի՞ տեսնում, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ ապագայի հետ կապված ոչինչ չի կարող ասել. «Այս պահին ամեն ինչ կարգին է»։
Հարցին էլ, թե վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դեստրուկտիվ թոքաբորբով հիվանդների քանակն ավելացել է, այս պահին ի՞նչ իրավիճակ է, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ արտառոց ոչինչ չկա, թոքաբորբով հիվանդներ միշտ էլ ունեցել են: «Անհանգստանալու որևէ բան չկա»,- եզրափակեց նա։