
Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, ներկայում խնդիրներ չկան, հետևաբար բուժում էլ չի ստանում: Նախատեսվում է իրականացնել կրկնակի թեստավորում: Այսինքն, թեստավորման բացասական պատասխանի դեպքում ևս մեկը կարվի: Եթե բոլորի մոտ թեստավորման արդյունքները բացասական լինեն, ապա և՛ կարանտինում գտնվողները, և՛ պացիենտը դուրս կգրվեն»,-ասաց Ալինա Նիկողոսյանը: